Մեր փորձը կարող է ուսանելի լինել շատ երկրների, այդ թվում՝ զարգացած երկրների համար։ Այս մասին հունիսի 23-ին առցանց մամուլի ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքերով՝ բժշկությունը բոլոր երկրներում այնքան էլ չի տարբերվում, այդ թվում՝ երբ խոսքը կորոնավիրուսի դեմ պայքարի մասին է։

«Հայաստանը առաջին օրվանից գնում է այն ապացուցողական բազայով, որը կա ամբողջ աշխարհում։ Միաժամանակ, ամենուր կան իրենց առանձնահատկությունները, այսպես կոչված, բժշկության դպրոցը, որտեղ էլ դրսեւորվում է գիտելիքների կիրառման եւ մոտեցումների տարբերությունը»,- նշեց նա։

Նախարարը պարզաբանեց, որ կատարվածը ստիպել է բոլորին վերաիմաստավորել բժշկության ոլորտի կարեւորությունը ու սկսել նրան ուշադիր վերաբերվել, եւ դա արտահայտվում է նրանում, որ համակարգի հարցադրումներին արձագանքն արագացել է։

«Առողջապահական համակարգի հնարավորությունների մակարդակի բարձրացումը ոչ միայն անհրաժեշտ բաղադրիչ է` կորոնավիրուսի հետ կապված առկա իրավիճակը մեղմելու համար, այլեւ դա որպես կարեւոր բազա կծառայի ապագայի համար՝ ճգնաժամային իրավիճակների առաջացման դեպքում»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը:

Նախարարը հավելեց, որ Հայաստանի առողջապահության համակարգը, որը ավելի քիչ ֆինանսական ռեսուրսներ է ստանում, քան այլ երկրների նման գերատեսչությունները, դրսեւորում է նույնպիսի լավ ցուցանիշներ, օրինակ՝ մահացության մասով։

«Բացարձակ ցուցանիշներով մեր վիճակը դեռ վատ է, սակայն ահա միտումը, որը ցույց է տալիս ամենօրյա աճի նվազող տեմպ, լավատեսություն է ներշնչում ապագայի համար: Վարչական պատիժները ցանկալի արդյունք չեն տա, եթե հասարակության մեջ չլինի համապատասխան գիտակցված վարքագծային մոդել»,- եզրափակեց նա: