Այս պահին Կրեմլ են ժամանում օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարները եւ պատվավոր հյուրեր:

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտնել էր, որ շքերթին մասնակցում է մոտ 14 հազար մարդ:

ՌԴ նախագահ, գերագույն զորահրամանատար Վլադիմիր Պուտինը տրիբունայում է լինելու պատվավոր հյուրերի հետ, այդ թվում՝ արտասահմանյան պետությունների առաջնորդների:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հաղթանակի շքերթին մասնակցելու համար ռուսական մայրաքաղաք են գալու Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Բոսնիա եւ Հերցեգովինայի Նախագահության սերբ անդամ Միլորադ Դոդիկը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շաքվաթ Միրզիյոեւը, Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը:

Մեքենայացված շարասյան մեջ է մտնում ավելի քան 200 միավոր պատմական, ժամանակակից եւ հեռանկարային ռազմական տեխնիկա, որի ավելի քան 20 նմուշները զորահանդեսին առաջին անգամ են մասնակցում: Այն կավարտի ավիացիայի թռիչքը, օդանավերը կթռչեն 8 օդանավակայաններից:

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը մայիսի 9-ից ավելի ուշ ժամկետ էր տեղափոխվել կորոնավիրուսի պատճառով: Վլադիմիր Պուտինը մայիսի 26-ին հայտարարել էր, որ Հաղթանակի շքերթը տեղի կունենա հունիսի 24-ին: 1945 թվականին այդ օրը տեղի էր ունեցել Հաղթանակի պատմական շքերթը:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել էր, որ հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված ծանր իրավիճակի պատճառով չի կարողանա մասնակցել Մոսկվայում Հաղթանակի շքերթին:

Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարարության հրավերով զորահանդեսին մասնակցելու է Հայաստանի ԶՈՒ 75 զինծառայողներից կազմված շարասյունը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն Մոսկվայում հանդիսությունների ժամանակ Հայաստանը ներկայացնելու է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: