Տպավորություն է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանն արդեն իսկ իր որոշումը կայացրել է եւ իրեն չէր էլ հետաքրքրում դատական պրոցեսի ընթացքում պաշտպանական կողմի հայտնած փաստարկները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը։
«Մինչեւ կալանքի որոշմանը, մենք վիճարկել էինք Մանուկյանի ձերբակալման իրավաչափությունը, որը մեկ այլ դատավորի կողմից բավարարվել էր եւ Մանուկյանն ազատ էր արձակվել»,- ասաց Անանյանը։
Նա հայտնեց, որ պաշտպանական կողմը երկրորդ անգամ դատավոր Արտուշ Գաբրիելյանին ներկայացրել է ինքնաբացարկով հանդես գալու միջնորդություն. «Այն պատճառով, որ 3 օր անընդմեջ մի քանի ժամ շարունակ դատական նիստ ենք արել եւ այդ նիստերի ընթացքում պարոն Գաբրիելյանը պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկներին ընդհանրապես որեւէ հարց չի ուղղել։ Տպավորություն է, որ Արտուշ Գաբրիելյանն արդեն իսկ իր որոշումը կայացրել է եւ իրեն չէր էլ հետաքրքրում դատական պրոցեսի ընթացքում պաշտպանական կողմի հայտնած փաստարկները»։
Հրանտ Անանյանը նշեց, որ դատավոր Գաբրիելյանն այս գործով խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 3-րդ մասը. «2 օր առաջ պարոն Գաբրիելյանը հայտարարեց, որ պետք է գնա խորհրդակցական սենյակ եւ որոշումն էլ պետք է հրապարակվի այսօր, բայց այդ միջակայքում պաշտպանության կողմը պարզել է, որ դատավոր Գաբրիելյանն այլ գործերով դատական նիստեր է անցկացրել, մինչդեռ Քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 3-րդ մասը թույլ չի տալիս, որ խորհրդակցական սենյակ գնալիս դատավորն այլ գործերով դատական նիստեր անցկացնի»։
Ավելի վաղ, NEWS.am-ի հետ զրույցում Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը հայտնել էր, որ Մանուկյանին որպես մեղադրյալ ներգրավվելու համար հիմք է հանդիսացել մեկ անձի ցուցմունքը, որն այդ գործով նույնպես մեղադրյալի կարգավիճակ ունի։
Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):
Նշենք, որ նշված գործով մեղադրյալ կարգավիճակ ունի նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։











