Ալվինա Գյուլումյանի նշանակումը ՍԴ անդմ, հետո լիազորությունների դադարեցումը, ապա վերստին նշանակումը բավական հետաքրքիր գործընթաց է: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նածխագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Գյուլումյանի այն պնդմանը, որ սահմանադրական փոփոխություններն իր վրա չեն տարածվում, քանի որ ինքը նշանակվել է ՍԴ անդամ 2014-ին, այսինքն իր պաշտոնավարման 12 տարին չի լրացել:
Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Ես ՍԴ եկել եմ 2007-ին, երբ տիկին Գյուլումյանը պաշտոնավարումը դադարեցնում էր: Այդ դադարեցումը տեղի ունեցավ նիստով եւ նա չզլացավ վկայակոչել դեռեւս 1970 թվականին ընդունված Խորհրդային Հայաստանի օրենսգիրքը, եւ ասաց, որ քանի որ ինքը գնում է ընտրովի պաշտոնի, ապա իշխանությունները պետք է ապահովեն վերադառնալու պահին նույն պաշտոնը կամ համարժեք պաշտոն:
Երբ նա վերադարձավ եւ նշանակվեց ՍԴ դատավոր, ինքն անձամբ աշխատավարձի հետ կապված վեճի ժամանակ փորձում էր հիմնավորել, որ ինքն ունեցել է պաշտոնի անընդհատություն: Այն ժամանակ հարմար էր ասել, որ պաշտոնի անընդհատություն է ունեցել, իսկ այս պարագայում ասում է, որ սա նոր մանդատ է:
Երբ իրեն աշխատավարձի, թոշակի հետ կապված պետք էր, որ պաշտոնավարումը անընդհատ դիտարկվի, նա չգիտես ինչու դիտարկում է անընդհատ պաշտոն: Իսկ երբ անհրաժեշտ չի, կամ ձեռնտու չի, դիտարկում է որպես ընդհատված պաշտոն: Ձեւակերպումը շատ հստակ է. եթե անձը պաշտոնավարել է X ժամանակահատված, այդ հատվածը կազմում է 12 տարուց ավելի, ապա լիազորությունները դադարեցվում են: Գաղափարը հետեւյալն է. մեկ անձը ՍԴ դատավորի պաշտոնում կարող է պաշտոնավարել մեկ մանդատ եւ այդ մանդատը 12 տարի է: Հիմա ընդհանուր առմամբ Գյուլումյանը պաշտոնավարել է 12 տարուց ավելի»,-ասաց նա:
Անդրադառնալով դատավորների անփոփոխելիության սկզբունքին, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ դա կարեւոր ինստիտուտ է, բայց սրբազան կով չէ: Նա հիշեցրեց, որ 2015-ի Սահմանադրության ընդունումից հետո դատարանների նախագահների լիազորությունները դադարեցվեցին, սակայն այն ժամանակ ոչ ոք չբարձրացրեց այդ հարցը, որ նրանք ունեին լեգիտիմ ակնկալիքներ:
Այդ փոփոխությունն ինձ վերաբերվել չի կարող. Ալվինա Գյուլումյանը՝ սահմանադրական փոփոխության մասին











