Այս նախագծի մեջ ավելի շատ թվաբանություն կա, քան քաղաքականություն. Չկա սոցիալական քաղաքականության էլեմենտ, կամ կա, բայց քիչ է, չկա սոցիալական արդարության էլեմենտ: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին,. ԱԺ-ում իր ելույթում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով գույքահարկի բարձրացման վերաբերյալ օրինագծին:

«Օրինակ, կարելի կլինի արդյոք 1 տոկոսանոց շեմը, որը նախատեսված է որպես վերին եզր, դարձնել 2 տոկոս, բայց ոչ 100 մլն արժողությամբ գույքի նկատմամբ, այլ ասենք, 200 մլն եւ ավելի: Եթե մեր քաղաքացիներից ոմանք ունեն 1 մլն դոլարանոց գույք, վաստակել են արդար քրտինքով, բայց եթե հնարավորություն ունեն այդպիսի գույք ունենալ, ուրեմն պետք է նաեւ հնարավորություն ունենան շատ վճարել:

Եթե մի քաղաքացին ունի 1 մլն դոլարանոց առանձնատուն, մեկ ուրիշն ունի 10 հատ 100 հազար դոլարանոց բնակարան, ինչու պետք է մեկ մլն դոլարանոց տուն ունեցողը պետք է վճարի ավելի շատ գույքահարկ, քան այն քաղաքացին, որն ունի 10 հատ 100 հազարանոց բնակարան»,-ասաց նա: