Վստահ եմ գիտեք, որ ունենք լուրջ խնդիր. քաղաքի 80 տոկոս հատվածում չկան գծանշումներ, էլ չեմ խոսում ճանապարհային երթեւեկության նշանների մասին: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ նշեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

«Հիմա դուք, այդ ամենը հրելով գցելու եք ճանապարհային ոստիկանության դաշտ, բայց կարծում եմ գծանշումների առումով քաղաքապետարանը խիստ թերացումներ ունի եւ վստահ եմ անձամբ՝ Դուք շատ լավ գիտեք ինչի՞ կարող է հանգեցնել գծանշումների եւ երթեկության նշանների բացակայությունը մանավանդ մեծ հրապարակներում, ընդհուպ մինչ հետիոտնային անցումներում խցանումների, վրաերթերի եւ դե ֆակտո մարդասպանությունների: Խնդրում եմ ձեր տեսակետը հայտեք սրա հետ կապված»,-ասաց նա:

Հայկ Մարությանը նշեց, որ այս հարցին հիմա չի պատասխանի, քանի որ նիստի հարցուպատասխան բաժինը նախատեսված է հարցերի համար. «Ամեն նիստում հնարավորությունը կա հարցուպատասխանի ժամանակ հարցեր տալու: Խնդրում եմ, մի ալարեք, սպասեք մի քանի ժամ: Գիտեմ դժվար է՝ ամառ է, շատ մարդ, երկար ժամանակ պետք է անցկացնեք, բայց կգա ժամանակը, կգրանցվեք եւ կտաք մյուս հարցերը»:

Թեհմինա վարդանյանի դիտարկմանը, որ այս ժամանակը քաղաքապետը կարող է օգտագործել մտածելու, իրավիճակը վերլուծելու, հիշողությունը թարմացնելու վրա, Հայկ Մարությանն արձագանքեց. «Հիշողության հետ ընդհանրապես խնդիր չունեմ, մտածելու գբան չունեմ, բոլոր հարցերի պատասխանն ունեմ, բայց այս պահին չեմ տա այդ պատասխանը»: