Ժամանակին, որ ասում էինք, որ այս օրենքը մշակելիս, որոշակի բաղադրիչներ տանք համայնքներին, գլխներիս գալիքը գիտեինք, որ սենց է լինելու: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով գույքահարկի փոփոխության վերաբերյալ նախագծին:
«Փաստացի դուք այս բերած օրենքով չեք կարողանում որեւէ հարց լուծել: Մի քանի հարց բաց է մնում, Ադրբեջանի սահմանակից համայնքներ տների հարցը, աղետի գոտում տներ կան, որ ուրիշ կարգավիճակ ունեն, այդ հարցերը ո՞նց է լուծվելու: Այն ժամանակ ասում էին, որ փնթի սեփականաշնորհման արդյունքում ՀՀ-ում անիմաստ տարածքներ կան, որոնք որ գրավիչ են ներդրում կատարելու համար: Այն ժամանակ ինչ ասում էինք, դրա հակառակն եք արել»,-ասաց նա:
Գուրգեն Բաղդասարյանը նշեց, որ նման ինստիուտցիոնալ օրենքը մենակ հարուստների տներով հարցը չի լուծելու: «Էս տարածքները նույն ձեւի մնալու են, էլի ներդրումներ չեն լինելու: Բացի այդ, մի ուրիշ հարց տամ. կենտրոնում շենքեր կան, որ բաժանվել են դերասաններին, արվեստագետներին, մշակութային գործիչներին, որոնք ժամանակին մեծ հեղինակություն են ունեցել եւ հիմա իրենց սերունդները ինչ անեն, էդ տները ստիպված ծախեն գնան ուրիշ տեղ ապրե՞ն»,-ասաց նա:
Նշենք, որ Կառավարության բերած նախագծով նախատեսվում է ավելացնել գույքահարկը:











