ԱԺ «Իմ քյալը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համաձայն չէ «Լուսավոր Հայաստանի» պնդումներին, թե իրենք նախկինների պես իրավաբանությունը ճկում եւ հարմարեցնում են իրենց անձնական շահերին:

«Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ. եթե կան գործող օրենքներ, Սահմանադրություն, ապա մեր բոլորի պարտքն է անել հնարավորը, որ այդ իրականությունը համապատասխանի այդ Սահմանադրությանը, ինչը մենք հիմա անում ենք:

Եթե առանձին իրավաբաններ գտնում են, որ ամեն ինչ պետք է պտտվի միայն կոնկրետ այդ խումբ իրավաբանների մեկնաբանությունների շուրջ, ապա այլ իրավաբաններ ունեն այլ կարծիք այդ առնչությամբ»,-ասաց նա լրագրողների հետ զրույցում:

Ինչ վերաբերում է պնդումներին, թե իշխանության այս քայլերի մեջ առկա են սահմանադրական կարգի տապալման առերեւույթ հատկանիշներ, Մակունցն ասաց. «Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող, եւ որեւէ կերպ «Իմ քայլը» չի կարող մասնակից լինել նման պրոցեսի: «Իմ քայլի» պատգամավորներն իրականացնում են իրենց պարտականությունները, մասնավորապես, 2015-ի Սահմանադրությանը համապատասխանեցնել ՍԴ-ի մոդելը, որն այս պահին չի համապատասխանում»: