Չկա այնպիսի օրենք, որը ՍԴ-ում չի կարող քննության առարկա դառնալ, այդ թվում՝ ՍԴ մասին սահմանադրական օրենքը, եւ ՍԴ-ն մի քանի դեպքերում անդրադարձել է ՍԴ մասին օրենքի համապատասխան դրույթների ստուգմանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նածխագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ըստ ՍԴ դատավորների՝ իրենք քննել են նաեւ ՍԴ-ին առնչվող օրենքներ:
«Տվյալ պարագայում չպետք է ինստիտուցիոնալ շահերը անձնական շահերի հետ փոխկապակցել, որովհետեւ երբ ես քննում եմ ՍԴ մասին սահմանադրական օրենքում սահմանված նորմը, որ դատարանը գործը քննում է երեք ամսվա ընթացքում, եւ ունեմ համոզմունք, որ ՍԴ-ում, օրինակ, գործերի քննությունը պետք է տեւի ոչ թե երեք ամիս, կամ վեց ամիս, կամ ընդհանրապես սահմանափակումներ չլինեն, ես խոսում եմ ինստիտուցիոնալ շահի մասին»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե այդ դեպքում առկա է արդարադատության շահ, ՍԴ շահ, եւ ՍԴ-ն այդ պարագայում կարող է եւ պարտավոր է քննել այդ գործը եւ տալ համապատասխան որոշում:
«Բայց այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե օրենքներին, այլ սահմանադրական փոփոխություններին, վերաբերում է իրավիճակին, երբ ՍԴ 9 դատավորներից 7-ն ունեն անձնական շահերի բախում: Երեկ տիկին Գյուլումյանն էլ ասաց, որ քանի որ շահագրգռված է եղել, ուսումնասիրել է հարցը: Ամենահեշտը տեսակետ հայտնել, հետո ասել՝ տեսակետ չեմ հայտնում: Հրայր Թովմասյանն ասել է, որ ամոթ է զգում, տիկին Գյուլումյանն ասել է, որ շահագրգռված է, պարոն Թոխյանն ասել է, որ վարկերի հետ կապված խնդիր ունի: Սրանք տեսակետներ են»,-ասաց նա:
Վլադիմիր Վարդանյանը նաեւ նշեց. «Ենթադրենք այս հարցը մտնում է ՍԴ եւ 9 դատավորներից 7-ը կամ 5-ը հայտարարում են, որ մենք շահերի բախում ունենք եւ չենք կարող մասնակցել այս հարցի քննությանը: Ի՞նչ էր տեղի ունենալու, սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցվելո՞ւ էր: Էլ չեմ ասում, որ Վենետիկի հանձնաժողովը ՍԴ-ն ընդհանրապես, պետք է սահմանափակված լինի Սահմանադրության անփոփոխելի հոդվածների կոնցեպտով, հակառակ դեպքում՝ սահմանադրության ցանկացած փոփոխության կարող է վուլգար առումով համարվել գործող Սահմանադրությանը հակասող»:











