Նորություն լինի, կիմանաք էլի: Այս մասին, այսօր՝ հունիիսի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի աշխատանքից ազատվելու մասին դիմումին:
Դիտարկմանը, թե արդեն մեկ ամիս է, որ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, բայց դեռ այն չի ստորագրվել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Նորություն լինի, կիմանաք էլի: Դուք գիտեք, որ ես նրա հայտարարության հետ կապված համապատասխան հայտարարություն էի արել եւ իրավապահ մարմինները որոշակի նյութերի նախապատրաստում էին իրականացնում, Սմբատ Գոգյանին եւս հրավիրել էին:
Գիտեք, որ դրանից առաջ նա մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում՝ խառնելով ամբողջ մամուլը տարբեր հայտարարություններով: Սմբատ Գոգյանը գնացել եւ հրաժարվել է հանցագործությանի մասին հայտարարություն տալ: Իրավապահները մերժել էին վարույթը ընդունել, քանի որ բավարար ապացույցներ չեն եղել»,- ասաց նա եւ նշեց, որ այս հարցի շուրջ այլեւս պատասխաններ չի տալու:
Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Գոգյանի հայտարարության հիման վրա հորդորել էր իրավապահ մարմիններին զբաղվել բարձրացված հարցով: Գոգյանը նշել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, սակայն, ըստ Սմբատ Գոգյանի՝ ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ Ըստ Հարությունյանի՝ այդ հայտարարությունը, առերեւույթ, կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք:











