Ես չգիտեմ, թե այս հեռավար ուսուցման ընթացքում սա վերահսկելի է թե ոչ, բայց եթե մենք անցնեք ուսումնական նորմալ դասապրոցեսներին, ապա կարելի է ինչ-որ կերպ մտածել նախ դասախոսներին  վերապատրաստելու մասին, նաև  որոշներին մաղել ինչ-որ կերպ և թողնել դասախոսներին, որոնք գիտելիք են փոխանցում։ Այս մասին այսօր`հունիսի 24-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը` խոսելով հեռահար կրթության արդյունավետության մասին:

«Ինչ վերաբերում է հեռավար  կրթության արդյունավետությանը, այս ամիսների ընթացքում հասցրել եմ առանձնացնել 2 տիպի դասախոսների` առաջինը` որպեսզի դասախոսությունը չտուժի, այդ դասախոսները գիշեր–ցերեկ աշխատում են, ուսումնական պլաններ են մշակում և ամեն կերպ կարողանում են իրենց գիտելիքը հասցնել ուսանողներին, և երկրորդ` դասախոսներ, որոնց անուններն անհրաժեշտության դեպքում ձեզ կփոխանցեմ:

Պատգամավորի խոսքով` օգտվելով հեռավար կրթության այս պայմաններից և վերահսկողությունից դուրս գտնվելուց, այս ամբողջ ամիսների ընթացում շատ դասախոսներ բոլոր դասերը նվիրել են միայն կառավարությանը,  մեղմ ասած, քննադատելուն, մասնավորապես, տարբեր լեգենդներ, տարբեր տեսակի հորինված պատմություններ պատմելով` հատկապես վարչապետի մասին:

« Այսինքն այս ամբողջ ամիսները նվիրվել են դրան: Եվ  ևս մեկ տիպ, ովքեր, օգտվելով առիթից, որ  նորմալ դասապրոցեսը շատ տարբեր երեխաների կամ ուսանողների մոտ տարբեր են և  հնարավոր է դժվար, և   շատերը հետ են մնալու, նույնիսկ ոչ մասնագիտական առարկաների դեպքում` 500 դոլարով  պայմանավորվում են պարապելու, հետո նաև քննությունների ժամանակ գնահատականները դնելու համար: Անհրաժեշտության դեպքում անուն, ազգանունները կարող եմ ձեզ փոխանցել»,- ասաց պատգամավորը։

Դիմելով  դպրոցականներին և ուսանողներին՝ պատգամավորը նշեց.  «Սա այն ժամանակաշրջանն է, որ դուք  կերտում եք ձեր ապագան և ստանում եք գիտելիքներ, նույնիսկ եթե դասախոսները հեղափոխության մասին պատմում են ձեզ` ներկայացնելով իբրև չարիք, խնդրում եմ, ետ բերեք նրանց և ասեք, որ  ձեզ պետք է տան մասնագիտական գիտելիքներ, իսկ քաղաքականությունը թողնեն քաղաքական գործիչներին»: