Հուսամ՝ մի օր կհետաքրքրվեք, թե ինչ հիմքով է սահմանափակվում Երեւանի ավագանու անդամների ազատ տեղաշարժը, թե ինչ հիմքով են նրանց բերման ենթարկում: Այս մասին, յսօր՝ հունիսի 24-ին, Երեւանի ավագանու նիստում դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին, ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը՝ անդրադառնալով նրան, որ Ծառուկյանին աջակցողներին բերման ենթարկելիս իրեն եւս ոստիկանները բերման էին ենթարկել:

Ի պատասխան Հայկ Մարությանն ասաց. «Ճիշտ է ես ձեզ չեմ զանգել, բայց հետաքրքրվել եմ, որ ամեն ինչ նորմալ է: Իմ միակ մտահոգությունն այն է, որ այդքան մարդ միանգամից մի տեղ հավաքվում է: Գիտեք, որ մարտից սկսած ես դրա մասին խոսում եմ, արդյոք այդքան մարդ, որ հավաքվում է, վտանգավոր չէ մեր պանդեմիայի պայմաններում: Ես վստահ եմ, որ վտանգավոր է, ահա, թե ինչու ոստիկանությունը հորդորում է այդքան մեծ քանակով չհավաքվեն:

Եթե դուք զգացել եք կամ զգում եք, որ ձեր նկատմամբ ապօրինի գործողություն է կատարվել, փառք Աստծո, միշտ կարելի է դիմել ոստիկանություն, դատախազություն կամ դատական ատյաններին, որպեսզի ձեր խախտված իրավունքները վերականգնվեն:

Եթե ինչ-որ մեկի նկատմամբ ապօրինություն է տեղի ունեցել, կապ չունի, ես քաղաքապետ եմ, թե ոչ, միշտ կանգնած եմ այդ մարդու կողքին»: