Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանները միջնորդություն ներկայացրին Սահմանադրական դատարան դիմելու եւ գործը կասեցնելու մասին:
Հաշվի առնելով, որ միջնորդությունները նույն բանին են վերաբերում, դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց դրանք միաժամանակ քննել:
Միջնորդությունն առաջինը ներկայացրեց Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Նա մանրամասն հիշեցրեց ՔՕ փոփոխության պատճառներն ու հանգամանքները, մասնավորապես՝ 300 հոդվածի (որով պատասխանատվության են ենթարկվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասնակիցները), դրա անբավարար իրավական որոշակիությունը, ներկայացրեց ԵԽ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գնահատականը: Եվրոպական կառույցները, մարդու իրավունքների հանձնակատարը, խորհրդարանը՝ բոլորը ընդունել են, որ 300 հոդվածը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, արձանագրեց Մեժլումյանը:
Փաստաբանը հիշեցրեց, որ 300.1 հոդվածով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդումը, որը փոխարինել է 300 հոդվածին, կասեցվել է այն պատճառով, որ նոր հոդվածը նախատեսում էր նոր հանցակազմ: Համանման պատճառով կասեցվել է «յոթի գործով» անցնողների նկատմամբ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը:
Փաստարկները շարադրելով՝ փաստաբանը միջնորդեց գործը կասեցնել եւ դիմել ՍԴ 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար: Դատավորը հստակեցրեց, թե արդյո՞ք խոսքը նույն հարցով կրկնակի դիմելու մասին է: Նախկինում նման դիմում արդեն եղել է, եւ այդ կապակցությամբ նախրդ նիստին փաստաբանը դատարանին է փոխանցել փստաթղթեր, որ առնչվում են Վերաքննիչ դատարանի որոշման վճռաբեկ բողոքին, որը չեղարկել էր գործի կասեցման եւ ՍԴ դիմելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, եւ կրկնակի քննության ուղարկել: Բողոքի քննության օրը դեռեւս չի նշանակվել:
Փաստաբանի ելույթից հետո դատարանը հայտարարեց նիստը 15 րոպեով ընդմիջելու մասին:











