Ընդհանուր առմամբ, այսօր խաղաղ է, հանգիստ է. վերջին օրերին այսքան ժամանակով խաղաղ չէր եղել, մանավանդ գիշերը, ապա նաեւ ցերեկային ժամերին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
«Հատուկենտ կրակոցների դեպքեր կան, բայց դրանք չեն կարող խաթարել մեր անդորրը: Տրամադրությունը բարձր է, մարդիկ, բնականաբար, ավելի զգուշավոր են, որովհետեւ հիմնական իմաստով, այս 2-3 օրերի ընթացքում թիրախավորվում էին անօդաչու սարքերի կողմից: Հետեւաբար ավելի զգուշական միջոցներ են ձեռնարկվում մարդկանց կողմից, բայց ինքնակազմակեպված, հստակ, հաստատակամ, տրամադրությունները բարձր, վստահ եմ՝ դուք էլ եք դա տեսնում: Եթե չխոսենք դրա մասին, հավանաբար, չեք էլ իմանա, որ այստեղ 2-3 օրը պատերազմական գոտի էր ողջ սահմանի երկայնքով:
Սա խոսում է մեր ժողովրդի ոգու մասին, նաեւ այն կատարյալ վստահության մասին, որ մեր ժողովուրդը, բոլորս ունենք հանդեպ մեր բանակը, մեր զինվորներն ու սպաները: Սա անքննարկելի զգացում է»,-ասաց նա:
Թեմի առաջնորդը վստահեցրեց, որ մարդկանց տրամադրությունը բարձր է, պատրաստակամությունը նույնպես. «Մենք այս օրերի միջից պետք է կարողանանք խոսել, մտածել ոչ միայն սահմանափակված այս 1-2 օրերի տրամադրությամբ ու տրամաբանությամբ, այլ սրանից բխող հետագա գործողությունների մասին: Այսինքն մենք ի՞նչ պետք է իրագործենք մեր տարածաշրջանում, որ կյանքի 10-ապատիկ ավելի բարելավում ունենանք՝ տնտեսական խնդիրների մասին, գյուղական կյանքի անվտանգային խնդիրների մասին, առաջին արձագանքման, ապաստարանների, սոցիալական կյանքի զարգացման մասին:
Այսինքն բոլոր շերտերով եւ բոլոր ուղղություններով պետք է մտածել: Պատերազմը կամ մի քանի օրվա իրադարձությունները այս կամ այն ձեւով մշտապես լինելու են մեր կյանքում, եւ դրանք ոչ մի կերպ չեն կարող մեզ թելադրել, թե ոնց ապրենք, ոնց կարողանանք դիմագրավել: Մենք պետք է նաեւ երկարատեւ ծրագիր ունենանք մեր կյանքի զարգացման իմաստով»:











