Հարկադիր կատարման ծառայության որոշմամբ՝ Երեւանի բնակիչ Գագիկ Բեգոյանին՝ ընտանիքի 3 անդամների հետ միասին, այսօր՝ հուլիսի 15-ին, Ոստիկանության աշխատակիցների գնությամբ վտարեցին բնակարանից:
Ոստիկանության աշխատակիցների գործողություններին հետեւում էր նաեւ NEWS.am-ը։
Գագիկ Բեգոյանը, մինչեւ տասնյակ ոստիկանների՝ իր բնակարան մուտք գործելը, տեղեկացրեց, որ իրենք այս պահին մեկուսացված են, քանի որ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ: Ոստիկաններն էլ իրենց հերթին ասացին, որ չեն կարող սպասել, քանի որ օրենքով սահմանված ժամանակը լրացել է, բնակարանը պետք է ազատել ու հանձնել:
Հիշեցնենք, որ Գագիկ Բեգոյանը 2015 թվականին բնակարանը գրավ էր դրել 12 հազար դոլարով: Այդ ժամանակ բնակարանը բանկում գնահատել են 100 հազար ԱՄՆ դոլար։ Քաղաքացին վճարումները 2 տարի ժամանակին կատարել է՝ պարտքի չափը հասցնելով 7 հազար դոլարի: Այնուհետեւ ընտանիքում տեղի ունեցած դժբախտությունների հետեւանքով 6 ամիս չի կարողացել կատարել վճարումներ:
Քաղաքացին մեզ հետ զրույցում պնդեց՝ ինքը տեղյակ չի եղել, որ 2016 թվականին իր բնակարանը վաճառվել է: 9 մլն դրամով այն վաճառվել է գնորդ Հայկ Հովսեփյանին, որը Ամանորից օրեր առաջ երկու ոստիկանների հետ գնացել է Բեգոյանների տուն. իրենք այդ ժամանակ են իմացել տան վաճառվելու լուրը:
Գագիկ Բեգոյանն ասաց, որ մեկ շաբաթ առաջ դիմել է դատարան՝ կասեցման խնդրանքով, սակայն որոշ փաստաթղթերի բացակայության պատճառով մերժել են:
Հարցին՝ այժմ որտե՞ղ է բնակվելու ընտանիքը, Բեգոյանն ասաց, որ չունեն գնալու տեղ. «Միակ ելքը շենքի դիմաց նստելն է, մինչեւ կարողանանք վարձով բնակարան գտնել»։
Բեգոյանի կինն էլ նշեց, որ 9-ամյա դստերն ուղարկել է հարեւանի տուն, որ չտեսնի՝ ինչպես են բնակարանը վերցնում, բանակում գտնվող տղային էլ չեն ասել՝ ինչ է կատարվում իրենց տանը։
NEWS.am-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնեցին, որ կատարողական վարույթի շրջանակում դեռեւս 2020 թվականի հունիսի 3-ին պարտապանին ուղարկված գրությամբ առաջարկվել է 15-օրյա ժամկետում կամովին ազատել նշված բնակարանը, որի պահանջը վերջինիս կողմից չի կատարվել: Արդյունքում 2020 թվականի հունիսի 24-ին կայացվել է որոշում՝ «Բնակարանից հարկադիր վտարելու մասին»։ Հարկադիր վտարման գործողությունների սկիզբ է նշանակվել 2020 թվականի հուլիսի 15-ը։
Մեր հարցին՝ արդյոք արտակարգ դրության պայմանները չե՞ն սահմանափակում օրենքով սահմանված կասեցման գործընթացը, նշեցին, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործառույթը վտարման մասով կասեցված չէ. «Կատարողական գործողությունները կասեցնելու կամ հետաձգելու համար անհրաժեշտ են օրենքով սահմանված հիմքեր, ինչը տվյալ կատարողական վարույթով առկա չէ»։
Այն մասին, որ գնորդ Հայկ Հարությունյանը Հարկադիր կատարողից ժամանակ առ ժամանակ ձեռք է բերել էժան բնակարաններ եւ գույք, ինչը NEWS.am-ի հետ զրույցում պնդում էր Գագիկ Բեգոյանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից մեզ ասացին, որ իրենք նման հաշվառում չեն իրականացնում. «Աճուրդներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով՝ համապատասխան կայքի միջոցով։ Ավելին, բնակարանը ծառայության աճուրդով չի վաճառվել․ գնորդն այն ձեռք է բերել ոչ հարկադիր կատարողի կազմակերպած աճուրդով»։











