Հայ զինվորների անձնազոհ պահվածքը, սպայական կազմի պրոֆեսիոնալիզմը մշտապես բարձր եմ գնահատում նախկինում էլ, այժմ էլ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Տարբերություններ կան այլ հարթությունում, հատկապես ռազմաքաղաքական եւ քաղաքական ղեկավարության դիրքորոշումների առումով: Այս պահին, սակայն հասկանալի պատճառներով չէի ցանկանա համեմատականներ անել: Նույնիսկ եթե պետք է առավելություններ ընդգծեի այժմյան իրավիճակի եւ այժմյան քաղաքական ղեկավարության առումով, զերծ կմնայի դրանից:

Պատմությունը միշտ ամեն ինչ իր տեղն է դնում: Համեմատություններ հիմա էլ արվում են քաղաքացիների կողմից: Կարծում եմ՝ պատասխանը ավելի քան միանշանակ է: Կարող ենք առանձնացնել հատուկենտ, ասենք 3 մլն-ի մակարդակով մեկ տասնյակ գուցե այսպես կոչված գործիչների դիրքորոշումներ, որոնց գնահատականը ես ինքս նաեւ շատ մեծ գայթակղություն ունեմ տալու եւ հենց այս պահին, բայց պետք է ուժ գտնեմ եւ այս պահին առայժմ զերծ մնալ դրանից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի հայտարարությանը, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արարատ Միրզոյանն ասաց, որ բարեկամ կամ հարեւան ժողովրդի հետ միշտ էլ աշխատելու տեղ ունեն, այդ թվում՝ հայ-ուկրաինական ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ, կրակելով ոչ միայն հայկական դիրքերին, այլեւ հրետակոծում է սահմանապահ գյուղերը: