Տնից դուրս ենք եկել, կես ժամ անց արկը հարվածել է։ Այս  մասին NEWS.am-ի թղթակցին պատմել է Չինարիի բնակիչ Սեյրան Միրզոյանը։

Կոտրված ապակիները, արկի բեկորները հավաքել են պատշգամբի մի անկյունում։ Բեկորները լրջորեն վնասել են նաեւ ջերմոցը։ 

«Սա իմ աներոջ տունն է։ Մենք այստեղ միայն այգում աշխատում ենք։ Երեկոյան փակել, գնացել ենք, առավոտյան եկել, տեսել՝ խփած։ Ես էլ այս սահմանային կռիվներում եմ վիրավորվել, երկրորդ կարգի հաշմանդամ եմ։ Մեր հույսն այս ջերմոցն է։ Չնայած հրետակոծությանը աշխատանքը ջերմոցում չեմ դադարեցրել, 200 կգ բերք եմ հավաքել այսօր, տարել՝ հանձնել»,– պատմել է Սեյրան Միրզոյանը եւ ջերմոցում ցույց տվել արկի վնասած հատվածները։

Հիշեցնենք, որ երեկ  Տավուշի բնակավայրերը դարձյալ ենթարկվել էին Ադրբեջանի ԶՈւ հրետակոծությանը, որի հետեւանքով մասնավորապես Չինարիի մեկ բնակիչ վիրավորում էր ստացել, նրա վիճակը կայուն ծանր է, վնասվել էին բնակելի տներ, ենթակառուցվածքներ, տրանսպորտային միջոցներ։