Մեքսիկայի իշխանություններն ուսումնասիրում են տեսանյութը, որում նկարահանվել են տասնյակ մարդիկ՝ ամբողջովին զինվորական հանդերձանքով, զինվորական մեքենաներով։ Վերջիններս հավանաբար կապ ունեն Մեքսիկայի ամենահզոր նարկոկարտելի հետ, գրում է Independent-ը։

Ուրբաթ օրը համացանցում հայտնված տեսանյութը հանդիսացել է երկրի ամենահզոր «Խալիսկո նոր սերնդի կարտել» խմբավորման անդամների իշխանության ցուցադրությունը։

Մեքսիկայի անվտանգության եւ քաղաքացիական պաշտպանության քարտուղար Ալֆոնսո Դուրազոն հայտարարել է, որ ուսումնասիրվում է «պրոպագանդիստական տեսանյութի» բնօրինակությունը։

Ըստ նրա, ոչ մի քրեական խմբավորում երկրում չի տիրապետում այնպիսի հնարավորությունների, որ կարողանա մարտահրավեր նետել անվտանգության դաշնային ուժերին։

Տեսանյութի հրապարակումը համընկել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Օբրադորի այցելությանը կարտելի հայրենիք։ Շատ փորձագետների կարծիքով՝ քրեական խմբավորումների հանդեպ նախագահի անսովոր մոտեցումը («գրկախառնումներ, այլ ոչ թե փամփուշտներ» ոգով) արձակել է հանցագործների ձեռքերը։