Մենք պետք է աշխատենք ոչ միայն տնտեսական ճգնաժամն ուղղակի հաղթահարելու համար, այլև պետք է մեր բոլորի առաջ խնդիր լինի որակապես նոր մակարդակի և նոր կարգի տնտեսություն ունենալ: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարությունում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ առումով, կրկին ուզում եմ ընդգծել ճգնաժամը որպես հնարավորություն մեր հայեցակարգը, մասնավորապես, հիշեցնել մեր կառավարության ծրագրում արձանագրված առաջնահերթությունը՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական տնտեսությամբ երկիր դարձնելը, մի տնտեսությամբ, որը միտված է արտահանմանը, ինչը նույնպես շատ կարևոր է: Այսօրվա մեր քննարկումը պետք է նվիրված լինի, թե ինչպես մենք պետք է համագործակցենք այս օրակարգը սպասարկելու և այն իրականություն դարձնելու համար»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և հավելել, որ տնտեսությունն այժմ գնում է դեպի վերականգնման փուլ նաև կառավարության հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների արդյունքում: Մասնավորապես, Արսեն Ղազարյանը կարևորել է աշխատատեղերի պահպանման, փոքր բիզնեսին աջակցության նպատակով իրականացված ծրագրերը:
«Դրանց արդյունքում է, որ տնտեսվարողներն այժմ փորձում են պահպանել արտադրական ծավալներն ու առաջ գնալ»,- ասել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը՝ ընդգծելով նաև վերամշակող ընկերությունների համար զրոյական տոկոսադրույքով վարկային միջոցներ տրամադրելու կառավարության որոշման կարևորությունը:
Այնուհետև գործարարները վարչապետին են ներկայացրել իրենց հուզող խնդիրներն ու հարցերը, որոնց տրվել են համապարփակ պատասխաններ: Տնտեսվարողները շեշտել են, որ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, վերջին երկու տարիների ընթացքում բիզնեսի համար տեղի են ունեցել բազմաթիվ դրական փոփոխություններ, լուծում են ստացել կարևորագույն մի շարք խնդիրներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարության, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղմթերքի վերամշակման, գինեգործության, շուկաների դիվերսիֆիկացման ոլորտներում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորություններն ու տարբերակները: Անդրադարձ է կատարվել նաև հարկային վարչարարությանը, տարածքային համաչափ զարգացմանը, հողային ռեֆորմին վերաբերող հարցերի:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է նման հանդիպումների պարբերական անցկացումը և նշել, որ գործարար համայնքին համարում է կառավարության կարևորագույն գործընկերներից մեկը: «Մեր խնդիրն է խթանել բիզնեսին եկամուտների գեներացման գործում՝ «հարստացեք և հարստացրեք» բանաձևի ներքո: Մեր բոլորի առաջնահերթությունը պետությունն է՝ իր անվտանգությամբ», - նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուրն իր աշխատանքով պետք է նպաստի պետության զարգացմանն ու առաջընթացին:











