Կարեն Վարդանյան անունով Facebook-ի օգտատերը իր էջի ուղիղ եթերում հայտնել է, որ ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բըրբանք քաղաքում իր ընկերները իր խորհրդով իրենց պատկանող սուպերմարկետից հանել են թուրքական ապրանքները:

«Խանութը պատկանում է ընկերներիս: Իմ հորդորին հետեւելով իրենք որոշել են ամբողջ թուրքական ապրանքը հանել խանութից: Ես էլ եկել եմ իմ ձեռքով  հանեմ: Հետեւում եմ, թե ինչ է կատարվում Մոսկվայում, շատ վրդովված եմ, բայց ամեն դեպքում միասնության կոչ եմ անում եւ հորդորում եմ սադրանքների չտրվել: Դա շատ կարեւոր է: Այս պահից «Ռեդ թափ» խանութում ոչ մի թուրքական ապրանք չի վաճառվելու: Ինչ ապրանք ուզում ենք, մենք դրա հայկականն ունենք: Գուցե մի քանի սենթ թանկ է, որովհետեւ ճանապարհածախսն է մեծ, բայց ունենք: Մենք նրանց ոչ մի սենթի օգուտ չպետք է տանք: Մենք մեր փողով մեր զինվորի համար փամփուշտ կառնենք, որ մեր թշնամու վրա կրակենք: Սա մեզ համար պետք է դառնա հավատամք»,-ասել է նա: