Այնքան էլ էական չէ, Մոսկվայում հայերի դեմ ադրբեջանցիների հարձակումները կազմակերպված են, թե ինքնաբուխ, եթե ինչ-որ պահից իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան։

«Մենք տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում ցույցերի ժամանակ տեսանք բախումներ եղան եւ ադրբեջանական կողմը սադրանքների էր գնում: Նույնիսկ եթե դա եղել է կազմակերպված, Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղղորդվող, որպեսզի հրահրեն այդպիսի իրավիճակներ, եթե դա պլանավորված քաղաքականություն է, ապա դա բերեց նրան, որ ինչ-որ պահից դա կարող է դառնալ անվերահսկելի հայկական ու ադրբեջանական կողմերի համար: Տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում դա կարող է վերածվել շատ ողբերգական իրադարձությունների, որոնք  շատ բարդ է լինելու վերահսկել ու կասեցնել»,-ընդգծեց նա:

Հարցին, թե ի՞նչ պետք է անի մեր կառավարությունը այլ երկրներում, մասնավորապես Ռուսաստանում իր քաղաքացիներին պաշտպանելու համար, Էլիբեկովան պատասխանեց. «Համայնքային կառույցների հետ պետք է ակտիվ աշխատել, որպեսզի մեր համերկրացիները չտրվեն ադրբեջանական այդ սադրանքներին, որովհետեւ իրար հանդեպ այդ վենդետաները կարող են հասցնել ողբերգական հետեւանքների, նաեւ գույքի վնասման, ֆիզիկական բռնության: Դա բացառելու համար պետք է դեսպանատունը պետք է շատ ակտիվ աշխատի թե տեղի ոստիկանության, թե տեղի իշխանությունների հետ, որ կարողանան համատեղ ջանքերով դա կասեցնել: Երկրորդ, պետք է ադրբեջանական համայնքային կազմակերպությունների հետ փորձել հնարավորինս կոնտակտ ստեղծել, որպեսզի համատեղ պայմանական ասած «հրադադար» կարողանան հաստատել: Որովհետեւ երրորդ երկրներում նման լարվածության աճը ոչ մի կողմին պետք չի: Շատ դժվար է իրավական տեսանկյունից պաշտպանել մեր քաղաքացիներին երրորդ երկրներում: Հիմա դա Ռուսաստանում է, միգուցե հեշտ կլինի, բայց դա կարող է լինել նաեւ այնպիսի երկրներում, որտեղ մենք ոչ դեսպանատուն ունենք, ոչ մեծ հայկական համայնք: Դրա համար առաջնահերթություն է փորձել դադարեցնել այս իրավիճակը: Չնայած, եթե ադրբեջանական կողմը միտումնավոր է այդ սադրանքներին գնում, վստահ չեմ, որ իրենք կգան ինչ-որ համաձայնության»:

Դիտարկմանը, որ գուցե ադրբեջանցիները նման սադրանքներով փորձում են վրեժխնդիր լինել սահմանին կրած իրենց հերթական պարտության համար, ադրբեջանագետն արձագանքեց. «Այո, միգուցե փորձում են այդ բարդույթը այլ հարթակում հաղթահարել: Բայց առաջին դեպքը չի, որ մենք ականատես ենք լինում, որ հայերն ու ադրբեջանցիները բախվում են երրորդ երկրների տարածքում: Կա միֆ, որ իրենք շատ համերաշխ են ապրում Հայաստանից ու Ադրբեջանից դուրս: Դա մի փոքր այդպես չի, որովհետեւ ցույցերի ժամանակ էլ, կենցաղային հարաբերություններում էլ են լինում բախումներ: բայց մինչեւ հիմա այդ կոնֆլիկտները լոկալ էին եւ ստացվում էր հարթեցնել: Հիմա տեսնում ենք բարձրացող ալիք, որը պետք է կասեցնել: Եթե սրա դեմը չառնեն, իհարկե, կարող է շատ ավելի վտանգավոր դառնալ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ դիտեք տեսանյութում։