ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի համար անակնկալ է եղել կառավարության կողմից ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրումը:
«Այո, անակնկալ էր ՍԴ դատավորի թեկնածությունը: Բայց ես եւ Ազգային ժողովը առաջադրող սուբյեկտ չենք, առաջադրողը կառավարությունն է եւ բնականաբար, կառավարությունից եմ ես տեղեկացել, թե ով է թեկնածուն»,-ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Թեկնածուի մասով գնահատականներ չտամ, նախ իմ դասախոսն է եղել, իրեն ճանաչում եմ, շատ լավ մասնագետ է: Մնացածը ԱԺ-ում բոլոր քաղաքական ուժերի քվեարկության արդյունքում կպարզվի: Առաջիկ օրերին մենք իր հետ հանդիպում կունենանք: Սա ըստ էության, չգրված կանոն է եղել: Այդ հանդիպումից հետո գուցե մեր դիրքորոշումը հասկանալի լինի»,-ասաց նա:
Նշենք, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը բուռն հակազդեցության է արժանանում հանրության կողմից: Մասնավորապես մամուլում գրվեց, որ նրա հոր՝ Դավիթ Ավետիսյանի աչալուրջ «հսկողության» տակ էին Սերժ Սարգսյանի օրոք կայացվում քրեական գործերով բոլոր դատավճիռները։ Չկար գեթ մեկ դատական ակտ, որը նախապես չհամաձայնեցվեր Դավիթ Ավետիսյանի հետ։ Քրեական գործերը քննող դատավորներն ամբողջ օրը «պապկաները թեւի տակ» շտապում էին Վճռաբեկ՝ Ավետիսյանից ցուցումներ ստանալու։ Նա Վճռաբեկի քրեական պալատի նախագահ է նշանակվել 2008 թվականի հունվարի 1-ին։ Քրեական արդարադատության ոլորտում նրա դերակատարումը եւ դատավորներին հնազանդեցնելու, նախագահականից կառավարելու գործընթացը հենց Դավիթ Ավետիսյանն է իրականացրել։
Այսինքն, կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի 10-ամյա կառավարման ժամանակ բոլոր քրեական-քաղաքական դատավճիռները կայացվել են նրա կողմից եւ նրա անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների, նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների դատավճիռները։
Բացի այդ, բաց նամակով պատգամավորներին էին դիմել «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ու նախկին քաղբանտարկյալները, կոչ անելով չքվեարկել Վահրամ Ավետիսյանի թեկնածության օգտին:











