2016թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ, այս շարժման առաջին վայրկյանից այստեղ եմ, ոչ մի անգամ ոչ մի քաղաքական բան չի եղել: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դիմորդի ծնող Խաչատուր Նազարեթյանը՝ անդրադառնալով նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե այս շարժումը քաղաքական է:

«Իշխանական կուսակցությունից եմ, Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև իշխանության հասցեին երբեք ոչ մի վատ բան չեմ հնչեցրել ու չեմ էլ պատրաստվում: Սա զուտ քաղաքացիական արդար պահանջն է երեխաների, ուրիշ ոչինչ քաղաքական չկա այստեղ»,- ասաց ՔՊ-ական Խաչատուր Նազարեթյանը:

Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։

Մյուս հայտերով ընդունվելու հնարավորություն դիմորդն ունեցել է միայն այն դեպքում, եթե տվյալ բաժինն առաջին հայտով նշած և դրական միավոր հավաքած բոլոր ուսանողներն ընդունվել են, ու մնացել են թափուր տեղեր: Մի քանի օր է՝ դիմորդները հանդիպում են պահանջում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն, վերջինս այդպես էլ հանդիպման չի իջնում: