Չպետք է գիտելիքը որևիցե կերպ նսեմացնել եւ պետք է վերականգնել արդարությունը. եթե կան բարձր միավորներ հավաքած դիմորդներ, ովքեր ջանք չեն խնայել ու լավ են սովորել՝ ձգտելով դառնալ համալսարանական, ինչու նրանք պետք է զրկվեն ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ խոսելով չընդունված դիմորդների խնդրով հետագա քայլերի և նախարարությանը կրկին գրություն ուղարկելու մասին:
«Ես սպառված չեմ համարում որևիցե խնդիր, քանի որ սխալ եմ համարում խնդիրը բարդել միայն քաղաքացու վրա՝ ասելով, որ քաղաքացին չի կարդացել, չի լսել, այդ դեպքում ո՞րն է լիազոր մարմնի աշխատանքի իմաստը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության այս փուլում հնարավոր էր դիմորդներին էլեկտրոնային տարբերակով իրազեկել ու կապ չունի նրանց քանակը:
Պատգամավորի կարծիքով, դիմորդները պարտավոր չեն պատասխանատվություն կրել լիազոր մարմնի տեխնիկական խոտանի համար: Աննա Կոստանյանի խոսքով, արդարությունը պետք է վերականգնվի. «Չպետք է գիտելիքը որևիցե կերպ նսեմացնել և պետք է վերականգնել արդարությունը, եթե կան բարձր միավորներ հավաքած դիմորդներ, ովքեր ջանք չեն խնայել ու լավ են սովորել՝ ձգտելով դառնալ համալսարանական, ինչու նրանք պետք է զրկվեն ինչ- որ տեխնիկական խնդիրների պատճառով»:
Հարցին, թե այս խնդրի առաջնագծում գտնվելու պայմաններում արդյոք չի վախենում Արայիկ Հարությունյանի այն հնարավոր մեղադրանքներից, որ հարցը քաղաքականացվում է, Աննա Կոստանյանը պատասխանեց. «Արայիկ Հարությունյանի մեղադրանքներից բոլորովին չեմ վախենում, եթե քաղաքական տեսանկյունից նայենք, հարցը կարելի է դիտարկել նաև քաղաքական շահագրգռվածության կոնտեքստում, սակայն բազմիցս շեշտադրել եմ, որ սա քաղաքական հարց չէ և կոչ եմ արել բոլոր շրջանակներին անկախ նրանից խորհրդարանական թե արտախորհրդարանական ուժեր են, որևիցե կերպ չքաղաքականացնել, քանի որ սա բացառապես ազնիվ պայքար է, որը մղվում է դիմորդների և նրանց ծնողների կողմից»:
Նշենք, որ այսօր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները խորհրդարանում հանդիպել են 3 խմբակցությունների ներկայացուցիչների հետ:











