Մենք կարդում ու լսում ենք, սական պարտավոր չենք լայվերով լսել Արայիկ Հարությունյանին, պետք է լիներ պաշտոնական տեղեկատվություն, հատկապես արտակարգ իրավիճակի պայմաններում: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպմանն ասաց դիմորդներից մեկի ծնող Հասմիկ Աղաջանյանը:
Նա նշեց նաև, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մի քանի օր առաջ տված հարցազրույցի ժամանակ նշել է՝ դիմորդները հայտը լրացնելիս ուշադիր չեն կարդացել ու ընթացակարգը չեն լսել. «Երեխան իր զբաղվածության հետ մեկտեղ պարտավոր չէ մեկ ժամ լայվ լսել, որտեղ ինչ որ բան կբացատրվեր։ Ես այդպես եմ կարծում, իմ կարծիքը կիսում են նաև բոլոր դիմորդների ծնողները»,- ասաց Հասմիկ Աղաջանյանը։
Դիմորդի ծնողը նշեց, որ իր երեխան, հստակ իմանալով, որ ուզում է դիմել Երևանի պետական բժշկական համալսարան, դիմել է ընդամենը երկու ֆակուլտետ՝ բուժական գործ և ատամնաբուժական ֆակուլտետի անվճար և վճարովի տեղերի համար. «Մեկ հայտը, որը լրացրել էինք, ատամնաբուժական ֆակուլտետի համար էր, տեսանք, որ 20-ից ավելի մարդ ստացել էր 12,5 միավոր, իսկ իմ աղջիկա միավորը 14,75 միավոր է։ Իմ աղջիկն ու մյուսները, որոնց ստացած միավորների շեմը բարձր է 12,25 միավորից, պետք է դառնան այդ ֆակուլտետի ուսանողներ՝ համապատասխան այն ընթացակարգի, որը եղել է մշակված մինչև մայիսի 21-ը»:
Ծնողը հիշեցրեց, որ ընթացակարգն ունի 47 էջ և այդ ամբողջի մեջ միայն 58-59-րդ կետերն են, որոնք վերաբերվում են իրենց բարձրացրած խնդրին. «Դժվա՞ր էր արդյոք, որ, երբ երեխաները պետք է նշեն, որ ծանոթ են ընթացակարգին, այդտեղ ընդամենը մեկ տողով կարմիրով ընդգծել, որ դիմորդներն ուշադիր լինեն 58-59-րդ փոփոխություններին, ինչի արդյունքում չէին լինի այս ամբողջ խնդիրները»:
Նշենք, որ այսօր չընդունված դիմորդներն ու նրանց ծնղները խորհրդարանում հանդիպել են 3 խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողներն արդեն 1 շաբաթից ավելի է՝ բողոքում են քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։











