Չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր՝ հուլիսի 29-ին, ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպումից հետո Վարչական դատարան հայց ներկայացրին:
«Վարչական դատարան փոստային ծառայության միջոցով մուտքագրված է 2 հայցադիմում, որոնք մնացել են 2 դաշտում: Մեկ հայցադիմումով մենք պահանջում ենք Կառավարության որոշումը ճանաչել անվավեր, որը կիրառվել է դիմորդների նկատմամբ, ընդ որում այդ հայցատեսակը չի լուծում դիմորդների խնդիրը: Սրանով մենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցանկանում ենք ցույց տալ, որ այս պայքարն արդար է եղել և իրապես նրանց նկատմամբ կիրառվել է ոչ իրավաչափ կառավարության որոշում: Երկրորդ հայցով մենք պահանջում ենք անհատական մակարդակում բոլոր այն դիմորդները, ովքեր լիազորել են փաստաբանական թիմին, անհատական մակարդակում նրանց նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց դիմորդների շահերի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:
Փաստաբանը նշեց, որ այստեղ տարբեր շահերի խախտված իրավունքներ կան և ըստ դիմորդների յուրաքանչյուրի համար առանձին պահանջ է դրված. «Դիմորդներ կան, որ բարձր գնահատականներ են ստացել և ընդունվել են ոչ ցանկալի բաժին, այսինքն՝ դատարանի առջև խնդիր է դրվել անվավեր ճանաչելու հետ մեկտեղ այդ դիմորդներին տեղավորել իրենց ցանկացած ֆակուլտետներ»:
Խոսելով այն կարծիքների մասին, թե այս պայքարը որևէ արդյունք չի տալու, փաստաբանը նշեց. «Գործընթացը հնարավոր է տևի 1-2 տարի, կամ 6 ամիս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր է, որ պատասխանող կողմը՝ Կառավարությունը, Վերաքննիչ և Վճռաբեկ բողոք ներկայացնի: Հայցերից մեկով Վարչական դատարանին միջնորդել ենք կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես հայցը բավարարել, ինչը մեզ հնարավորություն կտա մինչև սեպտեմբերի 1-ը դիմորդներին ուսանողի կարգավիճակ տալ, մինչև գործով վերջնական դատական ակտը կլինի»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:
Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողներն արդեն 1 շաբաթից ավելի է՝ բողոքում են քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։











