«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը համաձայն չէ վերջին օրերին հաճախ հնչող այն տեսակետի հետ, որ պատգամավոր Հայկ Սարգսյանը պետք է մանդատը վայր դնի «Սպիտակ Շորժա» լողափի հետ կապված սկանդալից հետո։
«Պետք է նկատողության տալ, շատ խիստ խոսել Հայկ Սարգսյանի հետ, եթե կարիքը կա՝ պատժել, եթե դիմակ չկրելու համար քաղաքացուն տուգանում են, Հայկ Սարգսյանին էլ է պետք տուգանել։ Բայց մանդատը խաղալիք չէ, որ ամեն վայրկյան տաս և հետո ասես՝ դիր։ Այսինքն՝ մարդուն մանդատից զրկելու համար պետք է շատ լուրջ պատճառներ լինեն, լուրջ հանցագործություններ պիտի այդ մարդն արած լինի, կամ իսկապես հասարակության կողմից անընդունելի վիճակում հայտնված լինի։ Հայկ Սարգսյանը միա՞կն է, ով դիմակ չի կրել։ Ես չեմ արդարացնում Հայկ Սարգսյանին, քավ լիցի, մանդատը դնելու մասին եմ խոսում»,- ասաց նա։
Մեր դիտարկմանը, թե որոշ ժամանակ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արթուր Դավթյանին ազատեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, որովհետև արտակարգ դրության պայմաններում տեղի էր ունեցել վերջինիս որդու հարսանիքը, Լուսինե Բադալյանն արձագանքեց․
«Եթե պարզվի, որ այդ լողափը պատկանում է Հայկ Սարգսյանին, և Հայկ Սարգսյանը այնտեղ միջոցառում է կազմակերպել ի հեճուկս պարետի որոշման՝ սա այլ թեմա է, մենք լրիվ այլ բան կունենայինք քննարկելու, բայց քանի դեռ փաստեր չկան, ինքս թիմի անդամ լինելով՝ չգիտեմ այդ լողափը պատկանո՞ւմ է Հայկ Սարգսյանին, թե՞ ոչ»,- ընդգծեց նա։
Նշենք, որ թեև Հայկ Սարգսյանը հերքում է իր կապը «Սպիտակ Շորժա» լողափի հետ՝ վստահեցնելով, որ փարթիին ներկա է եղել պարզապես որպես մասնակից, այնուամենայնիվ, համացանցում հայտնվել է լուսանկար, որը տարածողները պնդում են, թե նա նստած է տվյալ օբյեկտի համակարգչի առջև և հաշվարկներ է անում, բացի դրանից կասկածներ է առաջացնում հանգամանքը, որ աղմկահարույց փարթիին մասնակցած մարդկանցից շատերը «Ֆեյսբուքում» «թեգ» են արել պատգամավորին ու շնորհակալություն հայտնել հրաշալի կազմակերպված փարթիի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։











