Կառավարությունը երկու օր ժամանակ էր ուզել Կասյան փողոցում գտնվող գյուղմթերքի շուկայի հարցը կարգավորելու համար, այդ պատճառով մենք զիջել էինք՝ ասելով, որ մի շաբաթ էլ կանցնի խնդրին լուծում կտրվի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեցին Կասյան փողոցում գյուղմթերքի շուկայի առեւտրականները:
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ Կենտրոնի թաղապետի առաջարկած տարածքը գոհացնում է, սակայն խնդիրն այն է, թե ինչու նաեւ Կասյանի շուկան չշահագործվի, քանի որ այդ առաջարկված տարածքը կայացած տեղ չէ, նոր պետք է դառնա այդպիսին:
«Գյուղացին պատրաստ չէ իր ապրանքը փչանալու հաշվին գնա էնտեղ, սակայն պատրաստ է զուգահեռ եւ´ այնտեղ եւ´ մյուս տեղում աշխատել»,- ասաց նա:
«Չենք ուզում ինչ-որ մեկի հետ խնդիր ունենալ, ուզում ենք՝ ամեն ինչ նորմալ լինի: Սպասում ենք, որ կառավարության ներկայացուցիչը իջնի մեզ պատասխան տա՝ ինչու չեն թույլատրում այդ շուկան շահագործել եւ ինչ է լինելու, որպեսզի մենք էլ մեր անելիքներն իմանանք: Ինձնից, որպես տնտեսվարողի, ոչ ոք չի բողոքել, բոլորը գոհ են եղել, թաղապետարանից են ասել, որ իբրեւ մենք խոչընդոտում ենք հարակից առեւտրականների աշխատանքը:
Տարածքը չշահագործելու համար, գիտեմ, որ ոչ մի հիմնավոր պատճառ չկա, այն խնդիրները, որոնք նրանք ասում են, դա կարող է լինել նաեւ իրենց առաջարկած տարածքում, իսկ եթե կան իսկապես հիմնավոր պատճառներ, ես ինքս պատրաստ եմ քննարկել դրանք եւ վերացնել»,-ասաց ակցիայի մասնակիցը:
Մեկ այլ կին մասնակից էլ ասաց. «Սրա՞ համար էինք հեղափոխություն արել, որ լինեն ժողովրդի դեմ: Գյուղացուն հանցագործի տեղ են դրել: Դիմակն իջեցնում ենք, որ շունչ քաշենք, տուգանում են: Ֆորդերը ստեղ կանգնած են, հենց մի հատ շարժ անենք, լցնեն տանեն: Լավ եք անում, շնորհակալություն այս կառավարությանը, այս երկրի ղեկավարությանը, որ այսպես տեր է կանգնում գյուղացուն: Զգացված ենք»:
Նշենք, որ այսօր կառավարությունից քաղաքացիների հետ այդպես էլ որեւէ մեկը չհանդիպեց:
Հիշեցնենք, որ Կասյան-Կոմիտաս փողոցների հատման հատվածում միայն շաբաթ-կիրակի օրերին գյուղմթերքի շուկա է կազմակերպվում արդեն 9 տարի, որտեղ գնորդները կարող են գնումներ անել ուղիղ գյուղացուց, ոչ թե վերավաճառողներից: Իշխանությունները ցանկանում են փակել շուկան, քանի որ դա խոչնդոտում է, որ հարակից տարածքների խանութներում առեւտուր տեղի ունենա:











