Սա ինչ օրենք է, գյուղացու հետ մուննաթով, արհամարհանքով են խոսում. Ոստիկաններն անընդհատ դիմակներն իջեցնում են, բայց հենց գյուղացին է իջեցնում, օդ է ուզում շնչի, նույն պահին տուգանում են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության շենքի մոտ հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Նշենք, որ Կասյան փողոցում գյուղմթերքի շուկայի առեւտրականները ակցիա են իրականացնում, պահանջելով չփակել շուկան, որը գործում է 9 տարի:
«Ոստիկանը կանգնում ասում է՝ մենք տուգանենք, հետո դուք կարաք չմուծեք: Մենք ոստիկանից չենք վախենում, ինչ էլ անեք, մեր ձայնը պետք է լսելի լինի: Մեր պահանջն է, որ Կոսյան փողոցում թույլ տակ գյուղմթերքի տոնավաճառը գործի ինչպես նախկինում»,-ասաց նա:
Կինը նաեւ հավելեց, որ ամեն կիրակի մեկ ավտոբուս գյուղմթերք ու բանջարեղեն իրենք ուղարկում են մանկատուն եւ ծերանոց. «Գյուղացին հողի հարկ է վճարում, պարարտանյութ է առնում, ջրի վարձ է տալիս, 3-4 ամիս տանջվում է, որ գա հասնի քաղաք, իր ապրանքը վաճառի, ու այսօր մեզ ասում են՝ Մերգելյանի առեւտրականները բողոքում են, որ տոնավաճառի օրերին առեւտուր չեն կարողանում անել: Այդ տոնավաճառից օգտվում էր 250 գյուղացի տնտեսվարող, որոնց ասում են՝ գնացեք Դալմա, գնացեք փակ շուկա: Այնպիսի տեղեր են առաջարկում, որ գյուղացին երկու օր կգնա, կհիասթափվի, կգնա տուն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Կասյան-Կոմիտաս փողոցների հատման հատվածում միայն շաբաթ-կիրակի օրերին գյուղմթերքի տոնավաճառ է կազմակերպվում արդեն 9 տարի, որտեղ գնորդները կարող են գնումներ անել ուղիղ գյուղացուց, ոչ թե վերավաճառողներից: Իշխանությունները ցանկանում են փակել շուկան, քանի որ դա խոչնդոտում է, որ հարակից տարածքների խանութներում առեւտուր տեղի ունենա:











