Ինձ առաջարկ է արվել որպես ապաքաղաքական թեկնածու: Այս մասին, այսսօր՝ հուլիսի 30-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը:
Հարցին, թե ով է իր թեկնածությունն առաջարկել, Վահրամ Ավետիսյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով. «Կառավարության ներկայացուցիչներին կարող եք ուղղել այդ հարցը, իրենք առավել կոնկրետ ձեզ կպատասխանեն: Գաղտնի չեմ պահում, այդ հարցի հասցեատերը կառավարությունն է: Պատգամավորները հստակ գիտեն, թե ով է այդ առաջարկը կատարել:
Հարցին, թե ՍԴ-ի շուրջ կա՞ր ճգնաժամ եւ արդյոք ՍԴ-ն ունի հանրային վստահության պակասի խնդիր, նա պատասխանեց. «Այն, որ ՍԴ-ն ունի հանրային վստահության բարձրացման խնդիր, դա ակնհայտ է եւ ՍԴ դատավորները պետք է իրենց առավելագույն ջանքերը ներդնեն ՍԴ հանրային հեղինակության բարձրացման համար»:
Ինչ վերաբերում է իր հոր գործունեությանը, նա ասաց. «Եթե կլինի այնպիսի գործ, որի շրջանակներում Վճռաբեկ դատարանը ինչ-որ որոշում է կայացրել եւ այդ որոշման կայացմանը մասնակից է եղել իմ հայրը եւ դա կարող է դիտարկվել որպես շահերի բախում, բնականաբար, նման գործի քննությանը ես չեմ կարողանա մասնակցել»:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը կառավարությանն ու վարչապետին ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:











