Եթե 2016թ․ ապրիլյան ռազմական գործողությունները երկարաձգվեին, ապա Հայաստանը ճանաչելու էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու ապրիլյան իրադարձությունների ժամանակ Հայաստանը չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունն այն դեպքում, երբ մինչեւ այդ ինքը՝ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանին այլընտրանք չի մնում, քան ձեռնարկել անհրաժեշտ իրավական քայլեր կապված Լեռնային Ղարաբաղի հետ։ 

«Ես չեմ ասել՝ հենց պատերազմի առաջին օրը ճանաչելու ենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվ փառք Աստծո՝ այդ ռազմական գործողությունները տեւեցին ընդամենը 4 օր։ Եթե երկարաձգվեին, ապա անպայման մենք ճանաչելու էինք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ ակնհայտ էր դառնալու, որ մենք հաստատակամ ենք իրագործել նաեւ մեր այն խոստումը, որ տվել էինք մեր ժողովրդին․ այն է՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր եւ Հայաստանն ամեն ինչ օգտագործելու է, որպեսզի պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այնպես որ, հիմա էլ ես համոզված եմ՝ եթե իրոք լինի լայնածավալ պատերազմ, ապա Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասաց նա՝ հավելելով․ «Երբ  արդեն իսկ առաջին օրը մենք մեր հրամանատարների եւ զինվորների հաստատակամությամբ արդեն կասեցրել էինք Ադրբեջանցիների հարձակումը, ես կարծում եմ՝ ավելորդ փութաջանությունն այդ հարցում կարող էր խոչընդոտել մեր հետագա դիվանագիտական հաջողություններին։ Իսկ որ հետագայում այդ քառօրյան վերածվեց նաեւ մեր դիվանագիտական հաղթանակի, կարծում եմ՝ որեւէ կասկած չկա»։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ ճանաչումը պետք է լինի իրադրությունից բխող արդարացված որոշում։ 

 Հարցին՝ ինչու ինքը, ինչպես ասել էր, չեղավ Երեւան Ստեփանակերտ-թռիչքի առաջին ուղեւորը՝ երրորդ նախագահը կարճ պատասխանեց։ 

«Ինչո՞ւ ես չդարձա առաջին չվերթի ուղևոր, որովհետեւ առաջին չվերթը չիրականացվեց»,- ասաց նա՝ նշելով, որ պատճառներին, թե ինչու չվերթը չիրականացվեց, կանդրադառնա մեկ այլ ասուլիսի շրջանակում, որը կլինի Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ։