Սյունիքի մարզի Ծղուկ համայնքի բնակիչները այսօր` օգոստոսի 29-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ բողոքեցին համայնքային հողերի հետ կապված:
«5400 հա հող ունենք, բայց ոչ մի մետր մեր գյուղին տրված չէ, բոլորը տրված է հարակից տարածքներին վարձակալության: Խնդիրն ասեմ` մեր վարելահողերը վերցրել ենք, սարքել ենք մեզ համար արոտ, չունենալով արոտ, հիմա մոտակա արոտը տրված է վարձակալության: Մենք հող ենք ուզում, հող չունենք: Լաչինից ենք խոտ գնում: Արոտը ամենաբարձր դիրքում է, մեկը տարավ անասունը դրավ էնտեղ, հովիվը գնաց, ընկավ թուրքերի ձեռքը, այդ սահմանն է»,-ասաց գյուղացիներից մեկը Փաշինյանին:
Նրան նաեւ բողոքեցին սպանդանոցներից, որ միսը ցածր գներով տալիս են մսավաճառներին, չեն կարողանում անձամբ բարձր գնով վաճառել, նրանց խոսքով նաեւ ցածր գնով են վաճառում կաթը:
Գյուղացիները առաջարկեցին սառեցրած միսն ու կաթի փոշին չներկրեն Հայաստան, որպեսզի գյուղմթերքը նորմալ գին ունենա:
Ծղուկցիները նաեւ բողոքեցին վարկերից. «Տարին երաշտ է եղել, չեմ կարողանում վարկը փակել: Սկսել են տանը մեծերը, մամաները վատանալ, ջահելները` սպիտակել, շատ վատ տարի է էս տարի, մարդկանց ձեռքը փող չկա, չեն կարողանում վճարել»,- հավելեց նա:
Ամփոփելով հանդիպումը Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գյուղում փաստորեն կա 3 հիմնական խնդիր` հողերի հարցը, կաթի, մսի գնի հարցը եւ վարկերի հարցը:











