Ժամը 12-ի կողմերն էր, պայթյունի ձայնը որ լսեցինք, դուրս եկանք, էդպես իմացանք, թե ինչ է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արմավիր գյուղում «Պռոշյանի կոնյակի գործարանի» հարեւանությամբ ապրող բնակիչներից մեկը:
«Մենք առաջ չենք գնացել, նույնիսկ իրենց աշխատողներին են դուրս հանել այնտեղից, որ ավել զոհեր չունենան: Տուժողներին չեմ ճանաչում, այնտեղ չեմ աշխատում»,-ասաց նա:
Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ մահացողին հեռակա ճանաչում է. «Շատ խելացի տղա էր, թե ոնց է եղել, ես չեմ կարող ասել»:
Գործարանի բանվորներից Արամայիս Յավրյան մեզ հետ զրույցում ասաց, որ պայթյունի պահին ինքը գործարանի տարածքում է եղել, սակայն ավելի հեռու դեպքի վայրից. «Պայթյունի պահին էդտեղ չեմ եղել, երբ պայթյունը լսեցի, միանգամից գնացել եմ մոտիկ, բայց մեզ դուրս եմ հրավիրել: Գործարանի տարածքում գործ էինք անում, չեմ էլ պատկերացրել, որ այդքան ուժեղ պայթյուն կլինի: Գնացի տեսա արդեն կրակ է վառվում»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:
Կա երկու զոհ եւ չորս տուժած: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Նշենք, որ «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մահացել են մասնաճյուղի, զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները։
Գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանը նշել է, որ գործարանն ուներ մոտ 200 աշխատակից, մահացել է մասնաճյուղի տնօրենը եւ զոդման աշխատանքներ իրականացնող ձեռնարկության տնօրենը: Մնացած չորս վիրավորներին տեղափոխել են Երեւան, նրանք միջին այրվածքներ ունեն:











