«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեմ է քվեարկելու այս օրենսդրական նախաձեռնությանը, քանի որ այն ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլեu ստեղծում է նորերը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով` «Լուսավոր Հայաստանը» 3-4 ամիս է առաջարկում էր անցնել նոր ռեժիմի` հրաժարվելով արտակարգ դրության անընդհատ երկարաձգումից, քանի որ դա անուղղելի վնաս է հասցնում երկրին: «Այժմ մեզ առաջարկվում է օրենսդրական փաթեթ, որը թույլ կտա կարանտին մտցնել մինչեւ 6 ամիս ժամկետով: Բայց սա նոր խնդիրներ կստեղծի»,- պարզաբանեց Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ կառավարությունը եւ խորհրդարանականները կարող են այլ տարբերակներ քննարկել` գոնե «կարանտին» տերմինը փոխարինելով այլ բանով:

Նշենք, որ, կառավարության օրենսդրական նախաձեռնության համաձայն, Երեւանի քաղաքապետի կամ մարզպետի կողմից առողջության ոլորտում լիազորված պետական ​​մարմնի առաջարկով վարակիչ հիվանդությունների տարածման եւ բռնկման, ինչպես արտակարգ իրավիճակի ի հայտ գալու դեպքում համապատասխան վարչատարածքային միավորում կարող է  կարանտին մտցվել: Այնուամենայնիվ, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն քվեարկել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի հարոցվ: Քվեարկության ընթացքում 80 խորհրդարանական կողմ է քվեարկել օրենսդրական այս նախաձեռնությանը, 28-ը` դեմ: