Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանի տարածքում գտնող տեղեկատվական ցուցանակներից միայն մեկն է բարեկարգ վիճակում, մնացածներից բացակայում է տեղեկատվական մասը: Հուշարձանի տարածք մտնելից միանգամից աչքի են զարնում ցուցանակների մետաղական «կմախքները», մինչդեռ գոնե մի քանի տարի առաջ այդ վահանակները եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) տեղեկատվություն էին տրամադրում այցելուին:
Հանուն արդարության, պետք է նշել, որ տարածքը մաքուր էր, տեղադրված էր մեծ աղբաման:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացրեցին, որ ցուցանակները թարմացման կարիք ունեին, և հիմա սկսված է դրանց տպագրումը. ցուցանակները լինելու են մի քանի լեզվով:
Հստակեցնող հարցին, թե երբ կտեղադրվեն ցուցանակները, ՊՈԱԿ-ից տեղեկացրեցին, որ հերթով փոխում են բոլոր հուշարձանների տեղեկատվական ցուցանակները, իսկ թե երբ հերթը կհասնի Զորաց քարերին, դեռ հստակ չէ:
Ինչևէ, միգուցե, մինչև նոր ցուցանակներ տեղադրելը պետք էր թողնել թեկուզ խունացած, բայց հին ցուցանակները, որպեսզի այցելուի մոտ ակամայից անելանելի անմխիթար վիճակի զգացում չառաջանա:
Նշենք, որ Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս: Ժողովրդական բանավոր զրույցներում այն հիշատակվում է նաև Ցից քարեր և Ղոշուն դաշ անվանական տարբերակներով:
Հուշարձանը որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված տասնյակ քարերի մի համալիր է, տեղավորված 3 հեկտարից ավել տարածության վրա: Ծովի մակարդակից բարձր է 1770 կմ: Կառույցի բոլոր քարերը բազալտից են, մի մասի վրա կան անցքեր:
Հուշարձանի և հարակից տարածքի նախնական ուսոումնասիրությունը թույլ է տալիս հիմնավորել, որ Զորաց քարերը եզակի պատմամշակութային հնավայր են: Հիմնական կառույցի կենտրոնում առկա է քարարկղային դամբարան, որի դամբանախուցը հնում թալանվել է: Խցի հատակին պահպանված խեցու բեկորները վկայում են, որ կառույցը վերաբերում է մ.թ.ա. XV-XIV դդ.: Դեռևս 1931թ. հուշարձանի տարածքում ուղղահայաց կանգնած հսկայական քարերից մեկի տակ, պատահաբար, բացվել և ավերվել է դամբարան, որից հայտնաբերված նյութերի մի մասը մուտք են գործել Հայաստանի պատմության թանգարան: Ըստ պահպանված այդ գտածոների ավերված դամբարանը վերաբերում է միջին բրոնզի շրջափուլին և թվագրվում մ.թ.ա. II հազարամյակի I քառորդով: Մոտվորապես նույն ժամանակաշրջանին պետք է վերաբերի նաև Զորաց քարերի մոտակայքում նշմարվող բնակատեղին, որի տարածքից հավաքված վերգետնյա տարաժամանակյա հնագիտական նյութերը վերաբերում են մ.թ.ա. III-I հազարամյակներին:
















