Տնտեսվարողներից բաժանվեցինք այն նոտայով, որ իրենց բարձրաձայնած խնդիրը չի լուծվում, քանի որ նրանք ցանկանում են` որևէ բան չփոխվի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը` խոսելով մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկատերերի հետ հանդիպման մասին:
«Նրանք ցանկանում են` որևէ բան չփոխվի և շարունակեն աշխատել այնպես ինչպես աշխատել են նախկինում, եթե մենք ձևակերպում ենք, որ խնդիրը դա է, ապա կարող ենք փաստել, որ խնդրին լուծում չտրվեց»,-ասաց նա:
Շուշանիկ Ներսիսյանը նշում է, որ եթե հասկանում ենք, որ անցում ենք կատարում ամբողջությամբ ճշգրիտ հայտարարագրման մեխանիզմի, ինչն ապահովելու է հավասարություն հագուստի շուկայի դաշտում, ապա բոլոր խնդիրները, որոնք այսօր բարձրաձայնվեցին, արդեն լուծված էին, և տեղում լուծվեցին, ինչպես նաև մի մասն էլ այսօր մինչև օրվա վերջ լուծված կլինեն:
«Բոլոր այն հարցերը, որոնք կառավարության շենքի դիմաց հնչեցվում էին, այդ նույն հարցերի վերաբերյալ, մենք զրուցել ենք տնտեսվարողների հետ: Իրենց հիմնական խնդիրը գնային քաղաքականությունն է, թե մաքսային մարմիններն ինչպես են գնային ուսումնասիրություն իրականացնում:
Աշխատում ենք տնտեսվարողների հետ, ուսումնասիրում ենք մեր տեղական շուկան և ուսումնասիրում ենք նաև այն երկրի շուկան, որտեղից ապրանքները ներմուծվում են»,- նշեց նա:
Ներսիսյանն ասաց, որ երեկ ևս եղել է հանդիպում տնտեսվարողների հետ:
«Տնտեսվարողներին, որոնք Թուրքիայից ապրանք ներմուծող են, երեկ առաջարկել էինք՝ եթե այս պահի դրությամբ այն հաշվարկով, որը կատարել է մաքսայինը, գների հետ համաձայն չեն, ներկայացնեն այն գները, որով իրականում Թուրքիայում ձեռք են բերում այդ ապրանքները և գան, նստենք, աշխատանքային քննարկում ունենանք, հասկանանք` մեր հաշվարկն ինչի վրա է հիմնված, գների հետ համեմատություն անենք»,- ասաց նա:
ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց նաև, որ ընթացակարգի փոփոխության հետ կապված մի քանի անհարմարություն ևս նշել են տնտեսվարողները, ինչի համար երեկ պայմանավորվել էին, որ այսօր առավոտյան ժամը 10-ին Արարատյան Մաքսատան-Վարչության պետի մոտ աշխատանքային հանդիպում ունենան, գները ներկայացնեն:
«Սակայն օրվա վերջում ինձ տեղեկացրին, որ տնտեսվարողները որոշել են աշխատանքային հանդիպում չունենալ և կառավարության դիմաց ցույց անել։ Այսօր ևս նույն հարցերն էին, ինչ երեկ:
Տնտեսվարողների հետ մոտ 2 ժամ խոսեցինք, բոլոր այն հարցերը, որոնք բարձրացված էին, քննարկեցինք, ներկայացրինք, թե մոտավորապես մաքսային մարմինների հաշվարկով ապրանքների համար ինչ գներ ենք նախատեսում:
Նշեմ, որ դրանք բոլորը խելամիտի սահմանում են և դա ընդունվեց նաև տնտեսվարողների կողմից:
Մաքսային մարմինները նաև էականորեն վերանայել են գնային քաղաքականությունը ի օգուտ տնտեսվարողների, այդ փաստը ևս նրանք ընդունեցին` համաձայնելով, որ այն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, այսինքն, թե կոնկրետ ապրանքի համար նրանք որքան գումար են վճարում Թուրքիայում:
Օրինակ՝ մաքսային մարմինները հաշվել են, որ մեկ ջինսե տաբատի համար միջինը մոտավորապես 7 դոլարի սահմաններում է մուծում արվում Թուրքիայում, և բոլոր ջինս ներմուծողները, որոնք այսօր ներկա էին, համաձայնեցին, որ ամբողջությամբ համապատասխանում է հաշվարկն իրականությանը:
Ամեն դեպքում սա փոփոխված ընթացակարգ է, ամեն դեպքում տնտեսվարողներից բաժանվեցինք այն նոտայով, որ իրենց բարձրաձայնած խնդիրը չի լուծվում, քանի որ նրանք ցանկանում են` որևէ բան չփոխվի»,- հավելեց նա:











