Հայկական կողմը պատրաստ է կրակի ժամանակավոր դադարեցմանը հումանիտար խնդիրների իրականացման համար։ Դուք ուղղակի չեք կարող պատկերացնել, թե մեր դիրքերի մոտ քանի ադրբեջանցի զինծառայողների դիակ է կուտակվել։ Այս մասին հոկտեմբերի 8-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Ընդ որում՝ ինչպես նշեց խորհրդարանականը, նաեւ իսլամի օրենքներով այդ դիերը չպետք է չթաղված մնան։
«Բայց նրանք չեն համաձայնվում եւ չեն պատրաստվում հանել իրենց զինվորականներին դիերը։ Նրանք դրան չեն դիմում՝ անտեսելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բոլոր կոչերը։ Նրանք անգամ իրենց հանրությանը չեն տեղեկացնում, չեն հայտնում ով է զոհվել, ով է վիրավոր եւ այլն… Ես ձեզ ավելին կասեմ՝ երբ նրանք ռմբակոծում էին Ստեփանակերտը, մի քանի հրթիռ ընկել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության մոտ»,- շեշտեց Քոչարյանը։
Միաժամանակ, պատգամավորի խոսքով, սպանված ադրբեջանցի զինվորականների դիերը փտում են եւ ճակատում հակասանիտարական վիճակ ստեղծում։ Այս պատճառով ավելի լուրջ հետեւանքներից խուսափելու համար, միջազգային հանրությունը Ադրբեջանի վրա պետք է ճնշում գործադրի եւ Բաքվից պահանջի ժամանակավորապես կրակը դադարեցնել, թեկուզ մեկ ժամով։
«Եղանակը դեռեւս տաք, բացի Օմարի լեռնանցքից, եւ սա է՛լ ավելի է խորացնում իրավիճակը»,- պարզաբանեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, կիրառելով հիթիռա-ականանետային միջոցներ եւ ավիացիա՝ հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով Պաշտպանության բանակի մարտական դիրքերը եւ Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը։











