Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը հիմնական ուշադրությունը հատկացվելու է իրավիճակի զարգացմանը, որն իրական սպառնալիք է դարձել տարածաշրջանի անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը սկսելու արարողակարգի ժամանակ։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։
Զոհրաբ Մնացականյանը գործընկերոջը շնորհակալություն է հայտնել, որ նախապես համաձայնեցված այցի ծրագիրը հաջողվել է կյանքի կոչել։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրը։
Նախարարն ընդգծեց, որ գլխավոր ուշադրությունը հատկացվելու է ղարաբաղյան հակամարտության գոտու իրավիճակին։ «Այն, ինչի հետ մեր հայրենակիցները բախվել են Լեռնային Ղարաբաղում, էքզիստենցիալ սպառնալիքի մարմնավորում է, ինչի մասին մենք ասել ենք, եւ որը հասունացել է մի քանի տասնյակ տարիների ընթացքում»,- հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը։
Նախարարն արձանագրել է, որ վերջերս կայացած եռակողմ հանդիպմանը, որը տեղի էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, ձեռք էր բերվել որոշակի արդյունք։ Նախարարը շեշտել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ռուսաստանի դերը, ՌԴ նախագահի եւ ԱԳ նախարարի ավանդը։ «Անհրաժեշտ է առաջին հերթին դադարեցնել մարտական գործողությունները։ Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում»,- արձանագրել է նախարարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է համապատասխան մեխանիզմների ներդրումը։
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան բացահայտեց իրական նպատակները՝ Արցախի ժողովրդի ֆիզիկական բնաջնջում։ Ադրբեջանն անտեսում է քաղաքացիական եւ ռազմական օբյեկտների տարանջատման կոչերը, ինքն, ի դեպ, ռազմական օբյեկտները տեղակայում է քաղաքացիական բնակչության շրջանում։
Նախարարի խոսքով՝ Ադրբեջանը մեթոդայնորեն գնդակոծում է Արցախի 120 քաղաքացիական օբյեկտները, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 27-ից սկսած ագրեսիայի ընթացքում Թուրքիայի աջակցությամբ, ավիացիայի, ԱԹՍ-ների, հրետանու, ծանր հրթիռների, տանկային ստորաբաժանումների կիրառմամբ ոչ խտրական հարվածների հետեւանքով բազմաթիվ զոհեր կան քաղաքացիական բնակչության շրջանում։ Բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ կասետային արկերի կիրառման հետեւանքով։
Հոկտեմբերի 10-ի դրությամբ զոհվել է Արցախի 23 խաղաղ բնակիչ, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, նրանցից 81-ը՝ ծանր, մեծ թվով հարկադիր տեղահանվածներ կան, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, բնակելի ֆոնդին։ Ամբողջությամբ կամ մասնակի ավերվել են 6 հազար քաղաքացիական օբյեկտներ, հիմնականում տներ, 960 ենթակառուցվածքային օբյեկտներ, կապի օբյեկտներ, ջրատարներ, կամուրջներ, դպրոցներ, մշակույթի տներ։ Ամբողջությամբ կամ մասնակի շարքից դուրս են եկել էներգետիկ ենթակառուցվածքի 25 կարեւոր օբյեկտներ, ավելի քան 10 էներգաբլոկներ ոչ պիտանի են դարձել կամ լրջորեն վնասվել են։
Հայաստանի ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի նոր ագրեսիան 2 առանձնահատկություն ունի՝ այս անգամ ներգրավվել են Թուրքիան եւ Սիրիայից ու Լիբանանից գրոհայիններ։ Սա ապացուցվել է ոչ միայն հայկական կողմից, այլեւ դրա մասին հայտնել է միջազգային հանրությունը։ Բուն Ադրբեջանը դարձել է Թուրքիայի ազդեցության եւ միջազգային ահաբեկչության ընդլայնման գոտի, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։











