ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետեւում էր ԼՂ հարցի շուրջ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցություններին եւ իր ներդրումն է ունեցել բանավեճի վճռական պահին: Այս մասին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Բանակցությունները եզակի էին, սակայն նշեմ, որ վճռական պահին իր ներդրումն է ունեցել նախագահը: Նա վերահսկել է բանակցությունների ընթացքը, եւ արդեն ուշ գիշեր մենք երկու անգամ զրուցել ենք»,-պատմել է Լավրովը:

Նա հավելել է, որ գործընթացին միացել է նաեւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Կարեւոր էր համաձայնեցնել այն հարցը, որ հրադադարի սահմանումը, հավանաբար, բավարար չի լինի, եթե հրադադարի հսկողության մեխանիզմ չսահմանվի: Վերջին օրերին մի քանի անգամ ես եւ Սերգեյ Շոյգուն շփում ենք ունեցել Բաքվից եւ Երեւանից մեր գործընկերների հետ, Շոյգուն շփվել է պաշտպանության նախարարների հետ: Եվ նախագահը եւս զրուցել է հակամարտող կողմերի առաջնորդների հետ»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: 

«Անհրաժեշտ է անհապաղ հանդիպել զինվորականների մասով եւ համաձայնեցնել հրադադարի հսկողության մեխանիզմը, որի մասին ասվում է մեր փաստաթղթում եւ որը դեռ ոչ ոք նույնիսկ չի սկսել քննարկել: Համապատասխան ազդանշանները ես վերահաստատել եմ բառացիորեն կես ժամ առաջ, երբ ինձ զանգեց Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը, նմանատիպ ազդանշան ստացել եմ նաեւ մեր հայ գործընկերոջ կողմից: Կարծում եմ՝ դա հիմա կայուն հրադադարի բանալին է»,-հավելել է նա: