2021 թվականի բյուջեի նախագիծը մեր կարծիքով որակյալ հաշվեկշռված տեսք ունի. այսինքն ինչ եկամուտներ ենք ունենալու, ինչ մարտահրավերներ ունենք եւ ինչ ծախսեր ենք ունենալու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Մեր կարծիքով, ներկայացված նխագիծը հաշվի է առնում բոլոր հանգամանքները եւ ունի ֆինանսական տրամաբանություն՝ կայուն տնտեսություն, կայուն սոցիալական վիճակ ունենալու համար: Մնացածը քննարկումները ցույց կտան»,-ասաց նա:
Հարցին, թե պատերազմական վիճակն ինչպե՞ս ազդեց իրավիճակի վրա, փոխվարչապետը պատասխանեց, որ իհարկե, ռազմական դրությունը տնտեսության եւ բյուջեի վրա ազդեցություն ունեցել է. «Բյուջեի մուտքերի վրա ազդեցություն ունեցավ եւ կունենա: Ըստ այդմ, պետք է մտածենք պարտքի շեմի մասին, բայց ես կարծում եմ՝ կգտնենք այն հաշվեկշիռը, որը հնարավորություն կտա այս իրավիճակից դուրս գալ, մարտահրավերից բխող ռիսկերը չեզոքացնել, կառավարել եւ ունենալ կայուն սոցիալ-տնտեսական վիճակ»:
Հարցին, թե որքան կլինի Հայաստանի պետական պարտքի շեմը 2021 թվականին, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդքան կարեւոր չի պարտքի շեմը, որքան կարեւոր է այդ պարտքով ներգրավված միջոցները ծախսման ինչ արդյունավետություն ու նպատակ ունեն: Այո, իհարկե, պարտք վերցնելն ինքնանպատակ չի: Որեւէ մեկը չի պատրաստվում պարտք վերցնել, որ իրականացնի ծախսեր, որոնք պայմանավորված չեն իրավիճակով: Այո, հնարավոր չի, որ պարտքի շեմի փոփոխություն տեղի չունենա: Բայց ես վստահ եմ, որ այդ շեմի փոփոխության արդյունքում մենք կդնենք ծախսման այնպիսի մեխանիզմներ, որոնք այդ ծախսերը կնպաստեն արդյունքների գեներացմանը»:











