2019թ․-ի համեմատությամբ տարին կավարտենք մոտ 6 % տնտեսական ավելի ցածր ցուցանիշով, բայց եկող տարվա ընթացքում կունենանք 5 %-ին ձգտող վերականգնողական աճ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Համավարակն ու ռազմական դրության ռեժիմը որոշակի  բացասական ազդեցություն են ունենում։ Համավարակի առումով ամբողջ աշխարհում հնարավոր չէ գնահատականներ տալ, թե ինչպիսի վերջնական ազդեցություն կթողնի այն տնտեսությունների վրա։ Դրա համար մենք առաջնորդվում ենք այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր պահի, երբ դա էական է դառնում, կանգ ենք առնում և վերանայում ենք նախկինում տրված գնահատակնները։ Այս պահին մեր գնահատականն այն է, որ տարին կավարտենք մոտ 6 % տնտեսական ավելի ցածր ցուցանիշով 2019թ․-ի համեմատությամբ, բայց եկող տարվա ընթացքում կունենանք 5 %-ին ձգտող վերականգնողական աճ»,- նշեց Էկոնոմիկայի նախարարը։

Կառավարությունը որոշման համաձայն, որն ուժի մեջ է մտնելու 2020թ․-ի դեկտեմբերի 31-ից,  արգելվելու է թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Հարցին, թե տնտեսվարողները ի՞նչ այլ շուկաներից կարող են օգտվել  և գնային աճ կլինի՞, Տիգրան Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ տնտեսվարողները շատ լավ գիտեն, թե ի՞նչ շուկայից օգտվեն, ինչպիսին են օրինակ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի,  Չինաստանի շուկաները։

 «Չեմ կարծում, որ գնաճ լինի։ Մենք խոսում ենք մեր շուկայի ամբողջ սպառման ծավալի նկատմամբ շատ փոքր տեսակարար  կշիռ ունեցող թուրքական ապրանքների մասին, իսկ որպեսզի գնաճ լինի, պետք էդ կոնկրետ սեգմենտում առաջարկվող ապրանքների զգալի մասը առաջարկվեր հենց թուրքական ապրանքներ ներկրողների կողմից։ Մենք ունենք գնահատակններ, որ առանձին վերցված որևէ ապրանքային սեգմենտ չկա, որտեղ թուրքական ապրանքներն ունեն էդպիսի գերակշիռ նշանակություն, հետևաբար գնաճ չի լինի։ Ներկրումները կարվեն այլ շուկաներից, ես կարող եմ բերել հեռուստացույցի օրինակը, որ բացի թուրքականից կան մալազիական, չինական արտադրության, որոնք գրեթե որակով չեն զիջում, միայն սպառողի նախասիրության հարցն է։ Եթե վաղվանից այդպիսի եղանակով փոխվի սպառումը, չեմ կարծում, որ մեր կյանքում էական որևէ բան տեղի ունենա»,- հավելեց նախարար Տիգրան Խաչատրյանը։