Անհրաժեշտության պարագայում կդիմենք ՀԱՊԿ-ին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրին հակառակորդի հասցրած հարվածներին:
«Անհրաժեշտության պարագայում կդիմենք ՀԱՊԿ-ին, հիմա այն գործընկերական հարաբերությունները, որոնք ի ցույց է դնում Ռուսաստանի դաշնությունը եւ այդ պայմանագրային պարտավորությունները, որոնք մենք ունենք, լիովին բավարարում են Հայաստանի Հանրապետությանը՝ որպես կողմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարցին՝ արդյոք որեւէ կաշկանդվածություն ունե՞ն ՀԱՊԿ-ին դիմելու հարցում, Սիմոնյանն ասաց. «Պետք է ժամանակը ցույց տված լիներ, որ մեր թե՛ գործողությունները, թե՛ հայտարարությունները որեւիցե կաշկանդվածություն չեն պարունակում։ Երբ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության մասին, ապա որեւիցե կաշկանդվածություն չի կարող լինել»։
Հարցին՝ արդյոք Ռուսաստանի Դաշնությունն աջակցո՞ւմ է Հայաստանին, երբ Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանը կրակ է բացել. «Շատ բաներ այսօր բարձրաձայնելը ճիշտ չի։ Իմացեք այն ամենը ինչը տեղի է ունենում մեր դաշնակցային հարաբերությունների հետ ավելի քան բավարար է եւ հայկական կողմը լիովին բավարարված է այն ամենով, ինչն այսօր տեղի է ունենում, որի համար շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի Դաշնությանը եւ անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»։
Հարցին՝ ե՞րբ է ՔՊ ջոկատը մեկնելու առաջնագիծ, ԱԺ փոխնախագահն ասաց. «Դրա հետ կապված որեւիցե բան չեմ կարող ասել։ Մեր բարձաստիճան պաշտոնյաներն առաջին իսկ օրվանից առաջնագծում են. որոշները ծառայություն են իրականացնում, որոշները տեղում ծանոթանում են իրավիճակին, առկա խնդիրների պարագայում տեղում լուծումներ են տալիս։ Մեր շատ պաշտոնյաների եղբայրները, երեխաները մարտական ծառայություն են իրականացնում առաջնագծում»։











