ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը Հայաստանում 5 լրացուցիչ սահմանային ուղեկալ է տեղակայել: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:

«Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանում ԱԴԾ սահմանապահ ծառայության հիման վրա տեղակայել է 5 լրացուցիչ սահմանային ուղեկալ»,-ասել է Բորտնիկովը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերը լուծելու վերաբերյալ խորհրդակցության ընթացքում, որը վարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Բորտնիկովի խոսքով՝ երկու ուղեկալ է տեղակայվել Հայաստանի եւ Նախիջեւանի (ինքնավար) հանրապետության սահմանին, եւս երկուսը՝ Հայաստանի եւ Իրանի սահմանին:

«Անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվել Հայաստանի սահմանային ծառայության հետ համաձայնեցումից հետո: Մենք նաեւ կապ ենք հաստատել ադրբեջանցի սահմանապահների հետ, փոխանակվել ինֆորմացիայով»,-հավելել է նա: