Ապօրինի խուզարկության ժամանակ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայրը ներկայացրել է իր օրինական որսորդական զենքերը, սակայն դրանք տարօրինակ կերպով առգրավվել են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը։
«Խուզարկությունները կատարվել են ապօրինի, որի վերաբերյալ բողոք ենք ներկայացնելու։ Խուզարկությունը եղել է նրա ծնողների բնակարանում։ Հայրը ներկայացրել է իր՝ օրինական որսորդական զենքերը, դրանք առգրավվել են։ Մենք հաղորդագրությունից հետո հասկացանք՝ ինչու են այդպես անում, որպեսզի հնարավորինս շատ զենքերի քանակ ցուց տան»,- ասաց պաշտպան Սահակյանը։
Լուսինե Սահակյանը պատմեց, որ Արթուր Վանեցյանի տան խուզարկության թույլտվությամբ քննիչները գնացել են լրիվ այլ հասցեով. «ԱԱԾ-ն այն օրին է հասել, որ այսքան անգամ Վանեցյանը հրավիրվել է հարցաքննության, ամեն անգամ հարցաքննության արձանագրության մեջ ֆիքսվել է նրա տան հասցեն, միեւնույն է, սխալ հասցեով եկել են խուզարկության, բնականաբար, թույլ չեն տվել մտնելու»։
Սահակյանն ասաց, որ քննիչները մտել են «Հայրենիք» հիմնադրամի տարածք. «Նրանց արգելվել է դա անել, միեւնույն է, արել են։ Նրանք թույլտվություն ունեցել են որպես հասցեի համար՝ Վանեցյանի տուն, այսինքն՝ հիմնադրամը խուզարկելու իրավունք չեն ունեցել, բայց խուզարկել են. ոչինչ չեն հայտնաբերել»։
Լուսինե Սահակյանը պատմեց, որ դատարանից քննիչներն արագ թույլտվություն են ստացել Վանեցյանի տան հասցեով եւ արդեն տանն են խուզարկություն արել, սակայն ոչինչ չեն հայտնաբերել։
Նշենք, որ Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման եւ 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) հատկանիշներով։











