Բջջային ինտերնետի հասանելիությունը Մինսկում սահմանափակվել է, հաղորդում է Sputnik-Բելառուս-ը:

Ինչպես հաղորդում է А1 օպերատորը, բջջային ինտերնետի անցանելիության կարողությունը նվազել է պետական մարմինների պահանջով:

«Այդ պահանջի իրականացումը հանգեցրել է տվյալների փոխանցման ծառայության որակի վատացմանը կամ ծառայության ժամանակավոր անհասանելիությանը»,-պարզաբանում է օպերատորը:

Իր հերթին, life:) օպերատորը հայտնում է, որ բջջային ինտերնետի հասանելիությունը սահմանափակվել է լիազոր պետական մարմինների ընդունած միջոցների պատճառով: Այնտեղ ափսոսանք են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ եւ խոստացել լրացուցիչ հաղորդել հասանելիության վերականգնման մասին:

ՄՏՍ օպերատորը նաեւ տեղեկացրել է, որ ինտերնետի հասանելիությունը սահմանափակվել է ազգային անվտանգությունն ապահովելու հարցում լիազորված պետական մարմինների անցկացրած միջոցառումների շրջանակում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելառուսի մայրաքաղաքում չի աշխատում մետրոյի 10 կայարան, իսկ հանրային տրանսպորտը կանգառ չի կատարում Անկախության պողոտայի կենտրոնական մասում:

Բջջային օպերատորներն արդեն ավանդաբար նվազեցնում են բջջային ինտերնետի արագությունը կիրակի օրերին, երբ անցկացվում են բողոքի ցույցեր:

Tut.by-ի հաղորդմամբ՝ կիրակի վաղ առավոտյան հատուկ տեխնիկայով շարասյունը մուտք է գործել Մինսկ Ուրուչյայի կողմից: Կեսօրից հետո մարդկանց խմբերը սկսել են դուրս գալ փողոց Մինսկի տարբեր շրջաններում: