Սոթքի հանքի վարչական շենքն անցել է հայկական կողմի վերահսկողության տակ: Այս մասին դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:

«Հանքավայրի շահագործման հետ կապված հարցերը կքննարկվեն հետագայում, եւ այժմ նրա տարածքում սահմանազատման գիծը ճշգրտվել է»,- ասաց Ավինյանը: Նա կրկնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պաշտոնական սահմանը չի ամրագրվել, ուստի խնդիրներ են առաջանում, որոնք պետք է լուծվեն բանակցությունների հիման վրա: Ավինյանը նաեւ նշեց, որ բանակցություններում կօգտագործվեն Խորհրդային Միության տարբեր քարտեզներ, այդ թվում՝ 1928-ի սահմաններով:

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս բանակցությունների հանրային քննարկումը «դրական արդյունքների չի հանգեցնի», սակայն դրանք կարելի է քննարկել փակ նիստի ռեժիմով: