Երեւանը Բաքվին կառաջարկի առանց նախապայմանի գերիների վերադարձի սկզբունք, որը պետք է փոխադարձաբար պահպանեն բոլորը կողմերը: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նա նաեւ հիշեցրեց, որ ավելի վաղ Երեւանն ու Բաքուն համաձայնել են փոխանակել գերիներին «բոլորը բոլորին» սկզբունքով: «Այժմ, ինչպես արդեն հայտնել են, ընթանում է ցուցակների ստուգման գործընթաց, որից հետո տեղի կունենա փոխանակումը: Բացի այդ, մենք նաեւ առաջարկում ենք հետագայում այս կամ այն կողմում նոր գերիների հայտնաբերման դեպքում նրանց վերադարձ առանց նախապայմանի: Հուսով ենք՝ մեզ կհաջողվի լուծել այդ հարցը: Ինչ վերաբերվում է զոհվածների մարմինների հայտնաբերմանը, ապա մինչ օրս մարտի դաշտից հանվել է 846 մարմին: Այս մասին աշխատանքները շարունակվում են»,-ասաց Ավինյանը:
«Այսօր հիմնական խնդիրը մարմինների ԴՆԹ անալիզն է: Ճանաչվել է 294 զինծառայողի մարմին: Մարմինները փոխանցվել են ծնողներին: Հետազոտվել է եւս 154-ը, սակայն նրանց նույնականացումը դեռ չի ավարտվել: Եվս 443-ը ուսումնասիրման փուլում է:Թեստերն ուղարկվել են նաեւ այլ երկրներ տվյալ գործընթացն արագացնելու համար, սակայն, ցավոք, դրանից գործընթացը չի արագացել»,-հավելեց նա:











