Արցախի հանրապետության ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի՝ հաշվի առնելով, որ ԽՍՀՄ փլուզման պահին Ադրբեջանը չի վերահսկել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածաշրջանը: Այդ մասին դեկտեմբերի 11-ին ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նա նշել է, որ Ղարաբաղում մարտական գործողությունները սկսելու համար հիմնական պատասխանատվությունը կրում է Թուրքիան եւ Ադրբեջանը:

«Ստատուս-քվոն եւ պայմանավորվածությունները խախտողը (Ադրբեջան) այդ հակամարտության արդյունքում դարձել է շահառու: Դա շատ ծանր դաս է եւ շատ վատ օրինակ, որը կարող է կիրառվել տարբեր դեպքերում եւ տարբեր կողմերի միջոցով: Ի հայտ են եկել Դոնբասում պատերազմել ցանկացողներ, լարվածություն է նկատվում Մոլդովայի եւ Մերձդնեստրի միջեւ, եւ այլն»,-հավելել է նա: