Երեկ Բաքվում կազմակերպված շքերթը վիրավորանք եւ նվաստացման փորձ էր ոչ միայն Հայաստանի եւ հայ ժողովրդի, այլեւ որպես Հայաստանի դաշնակից Ռուսաստանի համար: Այդ մասին դեկտեմբերի 11-ին ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայրենական մեծ պատերազմի եւ ֆաշիզմի դեմ պայքարի միջեւ Ադրբեջանի նախագահի արված զուգահեռները կեղծ են եւ վիրավորական եւ արժանի դատապարտման:

«Ռուսաստանը հասկանում է, որ ստորագրված հայտնի համաձայնագիրը ԼՂ հիմնախնդրի վերջնական լուծումը չէ, քանի որ դրանում ոչինչ չի ասվում ԼՂ մնացած մասի կարգավիճակի մասին:

Ես կտրականապես անհնար եմ համարում ուժի միջոցով բանակցություններ վարելը: Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հայտնվելուց հետո, հուսով եմ, դա տեղի չի ունենա:

Ալիեւը հասկանում է, որ Զանգեզուրի, Երեւանի եւ Սեւանի՝ Ադրբեջանին «պատկանելու» մասին հայտարարությունները սադրանք են»,-ասել է պատգամավորը:

Զատուլինը հիշեցրել է, որ Ալիեւը խոսել է Երեւանի խանության մասին դեռեւս մի քանի տարի առաջ:

«Նրա պահանջներն անիրատեսական են: Քարոզչական հայտարարությունները, ինչպես օրինակ՝ Ադրբեջանում գործող քրիստոնեական եկեղեցիների կամ 20 հազար հայերի մասին, որոնք ապրում են Թուրքիայում, որեւէ քննադատության չեն դիմանում:

Այդ 20 հազար հայերը, որոնք, իբր, ապրում եւ բարգավաճում են այնտեղ՝ Թուրքիայում, ավելի շատ կլինեին, եթե չլիներ ցեղասպանությունը:

Դրանից հետո որոշ երկրներ իրենց «ֆեյք» տարբերակներն են առաջադրում, թե ինչ է տեղի ունեցել խորհրդային շրջանում Բաքվում եւ Սումգայիթում, քննարկում են Հայաստանից ադրբեջանցի փախստականների հարցը եւ մոռանում են ասել, որ Ադրբեջանից հայ փախստականներն ավելի շատ են:

Վառոդը պետք է չոր պահել, սակայն կա երաշխիք, որը հայտնվել է այսօր եւ որը պետք է ամրապնդել, եւ դա Ռուսաստանի միջամտությունն է անմիջապես հակամարտության գոտում»,-եզրափակել է Զատուլինը: