Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են Լաչինի միջանցքում դիտակետերի վերազինումը: Դիտակետերը հագեցվում են «Անցակետ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված եեն զինծառայողներին հրազենից եւ բեկորներից պաշտպանելու համար, ինչպես նաեւ հարակից տարածքների շրջանաձեւ հսկողություն իրականացնելու համար, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ներկայումս ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման շուրջօրյա մոնիթորինգ: Ռուս խաղաղապահներն իրականացնում են Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկության եւ բնակիչների տեղաշարժման, սննդամթերքի եւ տարբեր ապրանքների փոխադրման անվտանգությունը, ուղեկցում եւ ապահովում են վերանորոգման բրիգադների անվտանգությունը, որոնք իրականացնում են ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման խնդիրներ:
Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ ս.թ. նոյեմբերի 10-ին 00 ժամ 00 րոպեից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:











